ԿԻԵՎՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ-ԵՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Կիևում տեղի է ունեցել Ուկրաինա-Եվրամիություն 24-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանդիպման օրակարգում են եղել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հակամարտության կարգավորման՝ Վոլոդիմիր Զելենսկու ծրագիրը, ինչպես նաև Ուկրաինային ԵՄ հետագա աջակցությունը, այդ թվում՝ ռազմական։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ավարտում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի յոթ հանձնարարականների կատարումը։ «Ակնկալում ենք, որ գարնանը Եվրահանձնաժողովը կներկայացնի մեր առաջընթացի միջանկյալ գնահատականը, և այն կլինի դրական»,- հավելել է նախագահը:
Շառլ Միշելն էլ հավատացրել է՝ գագաթնաժողովի հիմնական նպատակն է ուղերձ հղել այն մասին, որ ուկրաինական ժողովրդի ապագան ԵՄ-ի հետ է:
Եվրոպացի քաղաքական գործիչները նաև տեղեկացրել են, որ մտադիր են ընդունել հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթը և ստեղծել միջազգային հատուկ կառույց, որը կհետաքննի ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունները:
Անդրադառնալով մարտի դաշտում ստեղծված իրավիճակին՝ Զելենսկին ընդգծել է՝ Կիևը չի հանձնի Բախմուտը, որտեղ այժմ կատաղի մարտեր են ընթանում։ Նա նշել է, որ ուկրաինական զորքերը կարող են հակահարձակման անցնել Դոնբասում, եթե Արևմուտքն Ուկրաինային հեռահար զենք մատակարարի։
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ԱՄՆ-ԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային շուրջ 2,2 միլիարդ դոլարի ռազմական աջակցության ևս մեկ փաթեթի մասին: Այն ներառում է փոքր տրամաչափի ռումբեր, զենիթահրթիռային կայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զրահապատ հետևակային մեքենաներ և այլ ռազմատեխնիկա:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը նշել է, որ Ուկրաինան ինքնուրույն է որոշում՝ ինչպես օգտագործել նրան մատակարարվող զենքը: Իսկ Վաշինգտոնի նպատակն է՝ օգնել ուկրաինական ուժերին համապատասխան արդյունքներ գրանցել մարտի դաշտում:
ԲԼԻՆՔԵՆԻ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ, տեղեկացրել, որ ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական սարքի պատճառով հետաձգում է այս շաբաթ նախատեսված այցը Չինաստան:
«Այդ հետախուզական օդապարիկի առկայությունն ԱՄՆ օդային տարածքում մեր երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- ասել է պետքարտուղարը։
Վան Յին էլ մատնանշել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ նման աղմուկ բարձրացնելն անընդունելի և անհիմն քայլ է:
«Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է շարունակեն շփումները և խուսափեն սխալ դատողություններից»,- նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ՝ Չինաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ «օդապարիկն ուղարկվել է Չինաստանից, այն քաղաքացիական բնույթ է կրում և օգտագործվում է օդերևութաբանական հետազոտությունների նպատակով»։ Գերատեսչությունից հստակեցրել են՝ ուժեղ քամիների պատճառով զոնդը կորցրել է կառավարումը և շեղվել սահմանված կոորդինատներից։
ՔԱՌԱԿՈՂՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել, որը կզբաղվի էներգետիկայի ոլորտում քառակողմ գործակցության տեխնիկատնտեսական հարցերով՝ հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
«Մասշտաբային ծրագիրը, որի շրջանակում կանաչ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով կմատակարարվի Հունգարիա, կօգնի լուծել 2 կարևոր հարց։ Այս ներդրումները կբարձրացնեն մեր էներգետիկ անվտանգությունը և կնպաստեն կլիմայի պաշտպանության արշավին»,- նշել է Սիյարտոն։
Նա տեղեկացրել է, որ Սև ծովի հատակով կանցկացվի աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը, այն կկազմի 1195 կիլոմետր։