Խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Մաթևոս Ասատրյանը:
Այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են Վոլգոգրադի քաղաքային դումայի ղեկավար Ալեքսանդր Բլոշկինի, մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ:
Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է նաև երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարևորվել է այն հանգամանքը, որ այս ծանր ու բարդ ժամանակաշրջանում հայկական պաշտոնական պատվիրակությունն ու հայկական համայնքը ներկայացված են եղել բոլոր միջոցառումներին:
Հանդիպում է եղել նաև Վոլգոգրադի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշվել է այն ծանրակշիռ դերակատարումը, որն ունի համայնքը երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում, մարզի հասարակական-քաղաքական կյանքում:
Ստալինգրադի հաղթանակը բեկումնային է դարձել Հայրենական մեծ պատերազմի համար: Հայերը մեծ ավանդ են ունեցել այդ ճակատամարտում. արյունալի մարտերին մասնակցել է 30 000 հայորդի, որից 10 000-ը զոհվել է: Մասնակից հայերի կեսից ավելին պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով:
Հայ ճարտարապետ Կարո Հալաբյանի ղեկավարմամբ իրականացվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագիծը:
Հայկական պատվիրակությունը միջոցառումներին ներկայացուցչական կազմով է եղել. մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը: