Ազգային ժողովի նախաձեռնությամբ փետրվարի 3-4-ը կազմակերպվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (ԱԴԴ մանկավարժական աշխատողների ատեստավորման և մի շարք լիազորող նորմեր) ներկայացման շուրջ ծավալված քննարկմանը զեկույց է ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը հակիրճ խոսել է նախատեսվող բարեփոխումների նպատակներից:
«Արտադպրոցական կրթության կարգավորմանը վերաբերող դրույթներում առկա էին որոշակի անհստակություններ, որոնք թույլ չէին տալիս միասնական մոտեցում ցուցաբերել ոլորտում իրականացվող փոփոխություններին: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվել է կրթության ոլորտում օրենսդրական փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկներ, որոնք հնարավորություն կտան ունենալ լիազորված մարմիններ, որոնց միջոցով կկարգավորվի արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների մասնագիտական զարգացման գործընթացը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, մարզիչների, խմբավարների և մանկավարժական ամբողջ կազմի կամավոր ատեստավորման անհրաժեշտությանը, որը վարձատրության բարելավման հնարավորություն կտա. «Հարկ է նշել, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր կառույցների ենթակայության տակ, ուստի, պայմանավորված աշխատավարձերի անհամաչափությամբ, մի շարք խնդիրներ կան: Արդյունավետ համակարգելու համար դրանք միասնական դաշտ բերելու անհրաժեշտություն կա»:
Արաքսիա Սվաջյանը քննարկման մասնակիցներին նաև ներկայացրել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուստարվա մարդկային ռեսուրսների վերաբերյալ որոշակի տվյալներ ու դրանց հիման վրա արված վերլուծության արդյունքները:
Երաժշտական, գեղարվեստի և մանկապատանեկան-ստեղծագործական շուրջ 240 դպրոց ու կենտրոն է գործել նախորդ ուստարում, որոնցից 50-ը՝ Երևանում: Գործող 174 մանկապատանեկան մարզադպրոցներից 13-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է եղել, 39-ը՝ Երևանի քաղաքապետարանի: Արվեստի ոլորտի դպրոցներում ու կենտրոններում 5 099 մանկավարժ է դասավանդել, մարզադպրոցներում՝ 2 104:
Նախարարի տեղակալը նշել է, որ հանրային քննարկման ներկայացված կամավոր ատեստավորման կարգի նախագծով՝ 70-ից ավելի միավոր հավաքած մասնագետները որոշակի լրավճար կստանան. 90-100 տոկոսի դեպքում՝ 138 300 դրամ լրավճար ստանալու հնարավորություն կընձեռվի, 80-89 տոկոսի դեպքում՝ 111 500 դրամ, 70-79 տոկոսի դեպքում՝ 80 600 դրամ:
Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ բարեփոխումներով նախատեսվում է նաև գործընթացում ներգրավել ոլորտում չաշխատող մանկավարժներին, ինչը հնարավորություն կտա լուծել նաև կադրերի համալրման խնդիրը: