Եթե ավտոմեքենայի գազաբալոնը ստուգաչափված ու վկայագրված չէ, փետվարի 25-ից ուժի մեջ մտնող փոփոխությամբ՝ տրանսպորտային միջոցը տեխզննում չի անցնի:
Խաչիկ Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Պետք է գնա նոր վկայագրում անցնի, որից հետո նոր կարող է միայն տեխզննում անցնել:
Մինչև օրս տեխզննումից հետո նշվում էր միայն մեքենայի գազաբալոնով վերասարքավորված լինել-չլինելը:
Խաչիկ Սողոմոնյան - Տեխզննման կայանները հնարավորություն կունենան հասանելիություն մեր համակարգին՝ գազաբալոնների վկայագրման, և ավտոմատ կտեսնեն՝ գազաբալոնը վկայագրվա՞ծ է, թե՞ ոչ: Պետք է համապատասխան նշում անեն ախտորոշման թերթիկում, որ համակարգում դա տեսանելի լինի:
Փոփոխության հիմնական նպատակն անվտանգության բարձրացումն է՝ նշում է Սողոմոնյանը: Նախորդ տարի իրականացված ստուգաչափումների արդյունքում պարզվել է, որ 5000-ից ավելի գազաբալոն ժամկետանց է, դրանցից 305-ը դեֆորմացվել կամ պայթել են:
Խաչիկ Սողոմոնյան - Մոտ 162 հազար տրանսպորտային միջոց է վկայագրվել և ավելի քան 171 հազար գազաբալոն:
Թե մեր երկրում քանի տրասպորտային միջոց է շահագործվում բնական կամ հեղուկացված գազով՝ հստակ տվյալ չկա: Հուսով են՝ տեխզննման փոփոխությամբ պարզել հստակ թվերը:
Խաչիկ Սողոմոնյան - Լիցենզիա ստացել է 82 տնտեսվարող, որոնցից վկայագրում կարող են իրականացնել 80-ը:
Հարուցված քրեական գործեր կան, որոշ կայաններ, առանց ստուգելու, պարզապես վաճառել են վկայագիրը:
Հարություն Առաքելյան (գազաբալոնների վկայագրում իրականացնող ընկերության հիմնադիր) - Երկու դեպք դիմել են մեզ, թե մեր բալոնը նոր է, կարելի է չստուգել, դա մեզ մոտ բացառվում է, որովհետև բոլոր գործընթացները մեզ մոտ գրանցվում ա, և կարելի ա ստուգել՝ մեքենան անցե՞լ ա ստուգում, թե՞ չէ:
Համակարգիչն իր հիշողության մեջ պահպանում է ստուգված գազաբալոնի տվյալները: Լիցենզավորված այս ընկերությունում նշում են՝ մեկ գազաբալոնի ստուգաչափման առավելագույն տևողությունը 30-40 րոպե է:
Հարություն Առաքելյան - Չորրորդ ամիսն է, որ ստացել ենք արտոնագիր, կառուցել ենք կայանը, ստուգել ենք 160 գազաբալոն, մեզ մոտ էդքան շատ չեն գալիս: Միգուցե պատճառն այն է, որ մենք ուղղակի պարտադիր ստուգում ենք կատարում:
Վկայագրում իրականացնող այս ընկերությունը Իրանից մի քանի տասնյակ դոլար արժեքով հոսքագիծ է ներկրել, օրական 80 ստուգաչափում կարող են իրականացնել: Նկարահանման ժամանակ ընթացող ստուգաչափումը ցույց տվեց՝ գազաբալոնը սարքին է, հերթը մեքենայի տեխզննմանն է: