Կուրթանցի Մեխակ Առաքելյանն է: Նրա պատմությունը 2020-ի մարտին մեծ հնչեղություն ստացավ, երբ Նիկոլ Փաշինյանը նրան հանդիմանեց, որ վարչապետից է տուն ուզում և ոչ թե կառուցում: Այն ժամանակ վարչապետը չգիտեր, որ տղամարդը առողջական խնդիրներ ունի: Երբ պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց, կառավարող ուժի նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ էլ բարերարները Մեխակին տուն նվիրեցին:
2020-ի մայիսից արդեն այս տանն են՝ իր ու եղբոր ընտանիքները, մայրը, հայրը:
Մեխակ Առաքելյան - Էս եղբորս սենյակն ա, երեխեքի հետ ստեղ են մնում, ստեղ էլ մամայիս, պապայիս սենյակն ա, էն կողքն էլ իմ ու կնոջս, երեխու սենյակն է:
Հին տնից նոր տուն տեղափոխվելուց 3 տարի անց Մեխակի ընտանիքում բացի բնակության հասցեից էլ ի՞նչն է փոխվել: Այս հարցի պատասխանի հետևից ենք հասել Կուրթան: Մեխակն անկեղծանում է՝ տան միակ փոփոխությունը ընտանիքի անդամների թիվն է՝ իր առաջնեկն է ծնվել:
Մեխակ Առաքելյան -1.4 ամսական է, քայլում ա:
Ասում է՝ լավը այն է, որ հին տան մասին հիշողություններ այս մի փոքրիկը չունի:
Մեխակ Առաքելյան - Էն մեր տեղը որ ապրում էինք, մի սենյակ էր, հիմա արդեն ամենքս մեր սենյակն ունենք, երբ ուզում ենք՝ վեր ենք կենում, երբ ուզում ենք...
Եղբոր չորրորդ երեխան էլ է այս տանը ծնվել՝ 2 տարեկան է: 1 տարի առաջ պարզվել է՝ առողջական խնդիր ունի: Մեխակի խոսքով՝ տունն ավելի բարեկարգ կդարձներ, եթե իրենց մտահոգությունը այս փոքրիկի առողջական վիճակը չլիներ:
Մեխակ Առաքելյան - Էս տունը վերցրել էին, ես հլը տեղյակ չէի, բաղնիք-զուգարան կաֆելապատել էին, սարքեցին, դզրտեցին ու նոր տվեցին:
Անցնող 3 տարում էլ ուրիշ նորոգում այս տանը չեն արել, միջանցքի, ննջասենյակների ու հյուրասենյակի պատերին էլ մեծացող երեխաներն են սեփական երևակայությունը թողել: Ուղեկցում է առաջին հարկ, այստեղ 3 տարի առաջ հին տնից բերած անպետք իրերն են տեղ գտել, ուզում է նորոգել, կարգի բերել, բաժանել սենյակների, որ իր կամ եղբոր ընտանիքը այս հարկում ապրի:
Մեխակ Առաքելյան - Մնում է ես կամացից արդեն գործ անեմ իմ տան վրա:
Երբ եք սկսելու հարցին ի պատասխան Մեխակն առողջական խնդիրներն է հիշեցնում: Ասում է՝ եղբայրն էլ է վատառողջ, հայրն էլ:
Մեխակ Առաքելյան - Էն ժամանակ ավելի վատ էի, որ գնացի պետական բանով բուժումներ ստացա բան, հմի էլ եմ մին-մին գնում եմ բուժումներ ստանում գալիս:
Տան միակ աշխատողը մայրն է գյուղի կարի արտադրամասում: Տունը ստանալուց հետո օգնել են մարդիկ, և տեղավորվել է աշխատանքին: Տան գույքից մինչև արևային ջրատաքացուցիչ: Ոչինչ սեփական ձեռքով չեն արել՝ բարերարների օգնությունն է: Կան մարդիկ, որ մինչև հիմա օգնում են: Բակում դրած ջերմոցն է ցույց տալիս: Այս դեպքում էլ, սակայն, ինչպես ջերմոցը ջեռուցել, հարցի դիմաց է կանգ առել:
Մեխակ Առաքելյան - Էս էլ դրել եմ, որ թելեր քաշեմ, վարունգ ցանեմ: Մտածում եմ՝ ես իմ ուժերով 5 տարում կանեմ, 4 տարում կանեմ, իմ ջերմոցը վերականգնեմ:
Ուտելիքից չի դժգոհում: 12 հավ ունի, տան հետ և՛ տնամերձ կա, և՛ 1 հա հողամաս են նվիրել:
Մեխակ Առաքելյան - Էս 3 տարի ա՝ ցորեն ենք ցանում, լավ վերցնում ենք, առնովի չէ, մեր հացը մեր հողից ստեղծում ենք: 1 հա-ից 3-4 տոննա ցորեն ենք ստանում: Էս իմ հողն ա, էս էլ ա, էս էլ ա: Ես եմ էս ծառերը տնկել, որ միրգ լինի մեր բախչեն: Մի տարի ա՝ կարտոշկա եմ ցանում, որ սերմ ունենամ, հա ցանեմ, էս տարի կարտոշկա, սոխ, սխտոր, վարունգ եմ ցանել, էն փոքր տեղն էլ սիմինդր-բան, ջուրն էլ կողքս ա, լավ ա ըլել, բերքից գոհ եմ:
Տունը նվեր ստանալուց հետո նաև պետական ծրագրով կով էր ստացել: Էլի կով ունենալը ևս Մեխակի պլաններից է, հենց որ մշտական գործ ունենա:
Մեխակ Առաքելյան - Շպակլյովկա ա, պատի սվաղներ կանեմ:
Սեզոնին ինքն էլ, եղբայրն էլ մինչև 10000 հազար դրամով խոտի հակ են կապում:
Մեխակ Առաքելյան - Վերջին անգամ անցած տարի եմ տենց գործ արել, օգոստոսն էր: Կարող ա՝ մի օրից մեկը կանչի նման գործի, կարող ա՝ մի ամսից լինի մի գործ:
Մինչև լինի՝ ամբողջ ընտանիքով հիմնականում տանն են:
Մեխակ Առաքելյան - Սպասում եմ՝ փոքրը մեծանա, երկու հատից ավել չեմ ուզում, տա Աստված՝ տղա լինի, 3-4 հատ չեմ կարողանա, մի տղա ունենամ՝ հերիք ա ինձի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան