Մեծամորում վերելակները շենքերի պես հին են: Կառուցման օրից՝ անցած դարի 70-ականներից, ոչ փոխվել են, ոչ վերանորոգվել: Կյանքի համար վտանգավոր դարձած վերելակներից քչերն են համարձակվում օգտվել:
Հաճախ է պատահել, որ մարդիկ փակվել-մնացել են վերելակում և դուրս եկել միայն բնակիչների օգնությամբ: Այս մասին մեծամորցիները պատմեցին մարզպետին, որը նոր վերելակների տեղադրման աշխատանքին ծանոթանալու համար էներգետիկների քաղաք էր այցելել:
Շահագործման համար ոչ պիտանի վերելակներն առաջիկայում կփոխարինվեն նորերով: Քաղաքի 13 բարձրահարկ շենքերից 5-ում փոխարինման աշխատանքներն արդեն սկսվել են: Եվս 8 վերելակ կփոխվի մինչև տարեվերջ: Ամենը սուբվենցիոն ծրագրով է իրականացվում. մասնակցում են պետությունն ու համայնքը:
Վահրամ Խաչատրյան (Մեծամոր համայնքի ղեկավար) - Հինգ հատի արժեքը 47 մլն է, որի 55 տոկոսը՝ համայնքի, 35-ը՝ պետության մասնաբաժինն է, 15-ը՝ բնակիչների:
Մինչև նոր վերելակներ տեղադրելը, համայնքի միջոցներով փոխվել են նաև հինգ բազմաբնակարան շենքերի տանիքները: 1820 քմ հարթ տանիք կառուցելու համար մոտ 7 մլն դրամ է ծախսվել: Հատկապես գոհ են վերևի հարկերում բնակվողները:
Անմխիթար վիճակում են նաև շքամուտքերը: Պատուհանները կա՛մ ապակի չունեն, կա՛մ կոտրված են: Բնակիչների խոսքով՝ դրանց պատասխանատուն «Մեծամորի բարեկարգում» կազմակերպությունն է. վերանորոգումը իրենց գործառույթն է: ՀՈԱԿ-ից պարզաբանում են՝ իրենք շքամուտքերը սպասարկել են մինչև 2017 թվականը, հիմա պատասխանատու են միայն աղբահանության համար, բայց դա չի նշանակում, որ շքամուտքերի հարցը ուշադրությունից դուրս է մնալու:
Կարեն Մայիլյան («Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ տնօրեն) - Համայնքապետը կարգադրություն է ուղարկել, որ գույքագրեմ՝ ինչ կա անելու, ներկայացնեմ, քննարկենք, ընթացք տանք:
Մյուս խնդիրը շքամուտքերի` սարդոստայն հիշեցնող էլեկտրալարերն են. դրանց կողքով կամ տակով անցնելիս բնակիչներն ամեն կերպ զգուշանում են:
Բնակիչների խոսքով՝ մալուխները ծածկելու, մուտքերը գեղագիտական տեսքի բերելու խնդրանքով բազմիցս դիմել են ՀԷՑ-ի տարածքային մասնաճյուղին. դեռ արձագանքի են սպասում: