ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակները:
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ Բանկը կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում՝ հասնելու գործընկերային առավել բարձր մակարդակի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի և հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը: