ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությունից մինչև էներգետիկայի ոլորտում գործակցություն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի օրակարգը հագեցած է եղել: Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը՝ ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա ունենալ. ելույթում ընդգծել է Նիկոլ Փաշինյանն ու թվերը ներկայացրել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումը, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50%-ով։
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Միության հետագա զարգացման համար անհրաժեշտ է շարունակել տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և քաղաքացիների բարեկեցությանն ուղղված համակարգված և հետևողական աշխատանքը, նշել է վարչապետը: Փաշինյանը կարևորել է բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը և ձեռնարկատիրության ոլորտում գործակցության մեծացումը։
Նիկոլ Փաշինյան - Կցանկանայի կարևորել ինտեգրացիոն ներուժ ունեցող արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառմանն ուղղված իրավական ակտերի շուտափույթ մշակման և ընդունման կարևորությունը։ Այս ուղղության զարգացումը, ըստ մեր գնահատականների, թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը սեփական արտադրության վրա տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, ավիաշինությունը, ծրագրային ապահովման արտադրությունը, դեղագործությունը և բժշկական արդյունաբերությունը:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Մրցունակ արդյունաբերության ձևավորումը լիովին պայմանավորված է նաև տեխնոլոգիական անկախության մակարդակով և նոր տեխնոլոգիաների ներդրման դինամիկայով։ Սրանք ԵԱՏՄ-ի մոտակա և միջնաժամկետ անվիճելի առաջնահերթություններն են, նկատել է վարչապետը։ ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական անկախության ամրապնդումը, ըստ Փաշինյանի, պահանջում է ռազմավարության, փուլերի, ծախսերի սահմանում:
Նիկոլ Փաշինյան - Այդ նպատակների համար Միության ներսում պետք է ստեղծվի տեխնոլոգիական կանխատեսումների համակարգ՝ տեխնոլոգիաների զարգացման ամենահեռանկարային միտումները ժամանակին բացահայտելու համար։ Միևնույն ժամանակ, գործակցության կարևոր տարր կարող է դառնալ լավագույն հասանելի տեխնոլոգիաների տվյալների բազայի ստեղծումը:
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Փաշինյանը կարևորել է նաև պարենային անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացումը։
Նիկոլ Փաշինյան - ԵԱՏՄ անդամ պետությունների կոլեկտիվ պարենային անվտանգության համակարգի ստեղծման նպատակով համագործակցության ակտիվացումը հնարավորություն կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել գնաճը, ապահովել պարենային ապրանքների հասանելիությունը և ակտիվացնել փոխադարձ առևտուրը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ստորագրվել են նաև նիստում ընդունված որոշումների արձանագրությունները: