ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2022-ԻՆ ԱՃԵԼ Է 50 %-ՈՎ. ՓԱՇԻՆՅԱՆ
Եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորումը Հայաստանի առաջնահերթություններից է. հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Թվային Ալմաթի միջազգային համաժողովում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի շրջանառությունը նախորդ տարի աճել է ավելի քան 50 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է: Կառավարությունն էլ իր կողմից ոլորտային պետական աջակցություն է ցուցաբերում տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Խոսելով միասնական թվային տարածության ձևավորման մասին՝ Փաշինյանն առանձնացրել է տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականության մեծ պահանջարկը։
Նիկոլ Փաշինյան - Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի կարգավորիչ ավազատուփերի ռեժիմի համատարած օգտագործումը։ Կարգավորիչ ավազատուփերի հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը:
Վարչապետը կարևոր է համարել, որ միասնական թվային տարածություն ձևավորելիս չանտեսվի տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձևավորումը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արդիական է համարել տվյալների շրջանառության վերաբերյալ միջազգային համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքների արագացումը: Դեռևս 2021-ին Ալմաթիում կայացած համաժողովի հանդիպումից հետո Հայաստանի Կառավարությունն ընդունել է թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները, նշել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյան - Հիմնական նպատակները, որոնց մենք ձգտում ենք, հետևյալն են՝ տեղեկատվական համակարգերի տվյալների առավելագույն օգտագործման և մեծ տվյալների վրա հիմնված արդյունավետ և օպերատիվ պետական կառավարման ապահովում, հարթակների և թվային ծառայությունների մշակման միջոցով արդյունավետության բարձրացում և տնտեսության մասնավոր հատվածի արդիականացում, բնակչության լայն շերտերի համար թվային հմտությունների և կարողությունների զարգացման աջակցություն:
Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքը, եթե չձեռնարկվեն համատեղ միջոցներ, նշել է Փաշինյանը, շեշտել՝ ակնհայտ է, որ գործնականում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Սա հստակ ցույց տվեց, օրինակ, կորոնավիրուսի համավարակը, նկատել է վարչապետը: Նա անդրադարձել է
«Ճանապարհորդում եմ առանց Covid-19-ի» բջջային հավելվածին, որն ապահովել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։ Հավելվածը կայացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ, որոնք գործարկել են փորձնական ծրագիրը, որն էլ դարձել է 9 երկիր ներգրավող լիարժեք նախագիծ։
Նիկոլ Փաշինյան - «Ճանապարհորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանությամբ: Ես առաջարկում եմ արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները։
Վարչապետը նշել է նաև «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի մասին, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բիզնեսին և պետական մարմիններին գործակցել երկրներում աշխատանքային գործունեություն կազմակերպելիս:
Նիկլոլ Փաշինյան - Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «Օգնական» և «Հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից: «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանյան տիրույթում արդեն հասանելի են հիմնական պետական թվային ծառայությունները, օրինակ՝ e-request միասնական պորտալը, որն ապահովում է ավելի քան 200 պետական մարմիններին և ենթակա կազմակերպություններին դիմումներ ուղարկելու հնարավորություն։
Վարչապետը հավելել է, որ Հայաստանը սատարում է Ռուսաստանի կառավարության առաջարկը՝ միանալ ազգային տիրույթների ստեղծման նախագծին և աջակցել բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանը` ի շահ ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի տնտեսությունների աճի:
Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները շրջել են նաև համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ներկայացված է եղել նաև Հայաստանը` առանձին տաղավարով: