Թուրքիայի հեղինակությանը վնասելու փորձերը հակասում են Անկարայի հետ բարեկամության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքներին։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Խոսքը վերաբերում է մի շարք արևմտյան երկրներին, որոնք ժամանակավորապես փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում անվտանգության սպառնալիքների պատճառով:
Չավուշօղլուն նշել է, որ ինը երկրի, այդ թվում՝ Նիդերլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ բացատրություն տալու, գրում է Anadolu լրատվական գործակալությունը:
Հունվարի 30-ին էլ ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել Թուրքիայում գտնվող ամերիկացիներին զգոն լինել, զգուշացրել Եվրոպայում Ղուրանի օրինակների այրման ֆոնին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այդ երկրների գործողությունները «նպատակաուղղված բնույթ են կրում»։ «Դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են՝ առանց սպառնալիքների մանրամասների մասին թուրքական կողմին ծանուցելու։ Միևնույն ժամանակ, Անկարան տեղեկություններ ունի, որ որոշ երկրներ դիմել են գործընկերներին՝ հյուպատոսությունների փակման «ակցիային աջակցելու» կոչով»,- ընդգծել է թուրք նախարարը։