Տուրօպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը լինելու է ծանուցման ենթակա, նույնը վերաբերում է զբոսաշրջային ավտոբուսներին, զբոսավարներին և ուղեկցորդներին: Զբոսաշրջության կոմիտեի հեղինակած օրինագծի նպատակը բոլոր տնտեսվարողներին կարգավորումների դաշտ բերելն է:
Սուսաննա Հակոբյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ) - Զբոսավարների և ուղեկցորդների համար լինելու է պարտադիր որակավորում, անցնելու են վերապատրաստման դասընթացներ՝ հինգ տարին մեկ, այս մանրամասները ավելի ուշ կհստակեցնեն: Նաև աշխատում ենք համատեղ մեր գործընկեր ԿԳՄՍ նախարարության հետ:
Զբոսաշրջային ավտոբուսները պետք է հստակ համապատասխանեն սահմանված տեխնիկական և որակական չափորոշիչներին, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար լինելու է կամավոր որակավորման գործընթաց, որը, սակայն, պատվիրակվելու է կառավարության սահմանած իրավաբանական կառույցներին: Հստակեցումներ են արվել նաև օրենքում առկա սահմանումների վերաբերյալ, ինչը ոլորտում վերահսկողության, խախտումները կանխելու հնարավորություն է տալիս:
Սուսաննա Հակոբյան - Այսօր մենք ունենք հյուրանոցներ, որոնք չեն համապատասխանում կամ չեն մատուցում հինգաստղանի հյուրանոցի ծառայություններ, բայց փակցրել են հինգ աստղը կամ կրում են 5 աստղի որակավորումը:
Արտագնա զբոսաշրջային գործակալների և տուրօպերատորների համար լինելու են ֆինանսական երաշխիքներ, դրանք Կառավարության որոշմամբ կսահմանվեն օրենքի ընդունումից հետո: Նախագծով նաև վերահսկողական գործառույթն է ավելացվում:
Սուսաննա Հակոբյան - Խախտումների պարագայում գործելու են տույժեր, տուգանքներ, որոնք որ սահմանվել են արդեն Վարչական իրավախախտումների մասին օրենքով:
Բոլոր շահագրգիռ կողմերի, գերատեսչությունների հետ օրինագիծն արդեն քննարկվել է, Կառավարության նիստում հավանության արժանանալուց հետո կուղարկվի Ազգային Ժողով: Օրենսդիրի կողմից ընդունումից հետո օրենսդրական փաթեթը կգործի 2024 թ. հունվարի 1-ից, սակայն կլինեն ենթաօրենսդրական ակտեր, որոնք ավելի ուշ ուժի մեջ կմտնեն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան