«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տարին սկսվեց մեծ իրադարձությամբ. վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևը մենահամերգով ելույթ ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Դենիս Մացուև (դաշնակահար) - Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2011 թվականին: Խոստանում եմ՝ այսպիսի դադարներ էլ չեն լինի: Առաջիկայում Հայաստան կգամ իմ նախագծով, որը կոչվում է «Ե՛վ դասական, և՛ ջազ». իմպրովիզացիա ենք անում ինչպես ջազ, այնպես էլ դասական երաժիշտների հետ:
Այսօր Դենիս Մացուևը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարեց Չայկովսկու «Տարվա եղանակները», Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից»-ը, նաև երկու ստեղծագործություն Ռախմանինովից:
Դենիս Մացուև - Երբ ինձ հարցնում են՝ թե ինչու եմ ընտրել հենց այս ստեղծագործությունները, պատասխանում եմ՝ որովհետև սիրում եմ դրանք: Եթե կոնկրետ որևէ ստեղծագործության հանդեպ սեր չկա, ուրեմն արգելվում է այն նվագել բեմում:
Դենիս Մացուևը գործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Լինելով համաշխարհային ամենահայտնի տոնահանդեսների մշտական հյուր՝ հանդես է գալիս «Ստեղնաշարային վիրտուոզներ», «Վարպետ դաշնակահարներ» և միջազգային դաշնամուրային այլ նախագծերում:
Դենիս Մացուև - Կարծում եմ՝ մարդիկ, որոնք գալիս են համերգի, պետք է ժպիտով հեռանան՝ անկախ հանգամանքից, թե ինչ երաժշտություն են լսել, որովհետև իսկական արվեստը պետք է մատուցի դրականը:
Դենիս Մացուևի կատարողական արվեստին բնորոշ է տեխնիկայի, ոճի ու զգացմունքայնության համադրությունը: Երաժիշտը նաև նախաձեռնում է մեծածավալ փառատոներ և համերգաշարեր է կազմակերպում:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան