Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը հայտարարել է, որ երկրի կառավարությունը համաձայնություն է տվել Leopard 1 տանկեր ուղարկել Ուկրաինա, բայց հրաժարվել է մանրամասներ հայտնել և ասել տանկերի թիվը:
Ավելի վաղ Sueddeutsche Zeitung-ը, հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրներին, հայտնել էր, որ Բեռլինը նախատեսել է 88 Leopard 1 և 14 Leopard 2 տանկ ուղարկել Ուկրաինա, ինչպես նաև թույլատրել մյուս պետություններին վերարտահանել այդ մեքենաները: Պարբերականը նշել է, որ զինամթերքի հետ կապված խնդիրներ կան, քանի որ այդ տանկերն ու դրա արկերն այլևս չեն արտադրվում։ Բրազիլիան, որը դեռևս ունի 250 այդպիսի մարտական մեքենա և արկ, մինչ այժմ հրաժարվել է դրանք մատակարարել Ուկրաինային։
Չորեքշաբթի էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինա 31 M1 Abrams տանկ ուղարկելու որոշման մասին։ Այսպիսով, Կիևը որպես առաջին խմբաքանակ կստանա մինչև 140 տանկ 12 պետությունից։
Ուկրաինական իշխանությունները, սակայն, ոգևորված չեն այդ թվից: Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ իր երկրին ներկայումս անհրաժեշտ է 350-450 արևմտյան տանկ։