Գեղարվեստի պետական ակադեմիան ընտրված ռեկտոր չունի՝ չնայած դեկտեմբերին 16-ին հոգաբարձուների խորհուրդն անցկացրել էր թափուր պաշտոնի մրցույթ, որտեղ հաղթող էր ճանաչվել միակ թեկնածուն՝ գործող երկարամյա ռեկտոր Արամ Իսաբեկյանը, բայց ընտրության արդյունքները չեն հաստատվել: Պարզվել է՝ մրցույթն անցկացվել է նախորդ կանոնադրության համաձայն:
Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արա Խզմալյանն ասում է՝ կատարվածը պարզապես տեխնիկական բնույթ ունի, և դավադրությունների տեսությունն ու միտում փնտրելը անտեղի են: Նրա փոխանցմամբ` նշված նիստի ժամանակ քարտուղարը զեկուցել է, որ թեկնածուի փաստաթղթերը համապատասխանում են կանոնադրական պահանջներին, և դա ընդունվել է ի գիտություն:
Արա Խզմալյան (Գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Այնուհետև, երբ պրոցեսն ավարտվեց ռեկտորի ընտրության, և փաթեթը եկավ ոչ աշխատանքային կարգով վերանայման, հաստատման, մենք նկատեցինք, որ ըստ էության գիտքարտուղարը կողմնորոշվել է ոչ թե 21 թվականի փոփոխված, լրամշակված, այլ 17 թվականի կանոնադրությամբ:
Բանն այն է, որ արվեստի բուհերի ռեկտորի թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջների ցանկից ժամանակին հանվել էին գիտական կոչում ու գիտական աստիճան ունենալու պայմանը: Բայց 2021 թ. գիտական աստիճանի պահանջը վերականգնվել է: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի թեկնածու Իսաբեկյանը նորից պարտադիր դարձած գիտական կոչում չունի, հետևաբար եթե փաստաթղթերն ընդունելիս հոգաբարձուների խորհուրդն առաջնորդվեր նորացված կանոնադրությամբ, նրա փաստաթղթերը չէին կարող համապատասխանող համարվել:
Արա Խզմալյան - Ընդամենը այս է պատմությունը, այս է աշխատանքային վրիպումը, կյանք է, և ամեն ինչ է հնարավոր: Ամենակարևոր բանը, որ այդ թերությունը բացահայտվել է մինչև պաշտոնապես նախարարությանն արդյունքներն ուղարկելը:
Ի դեպ, որ այսպիսի վրիպումները բացառված չեն, ըստ Խզմալյանի` գալիս են հավաստելու նաև հոգաբարձուների խորհրդի աշխատանքը կանոնակարգող փաստաթղթերը, որոնք նաև թերությունները շտկելու ընթացակարգեր են սահմանում:
Գեղարվեստի պետական ակադեմիայում ռեկտորի պաշտանակատար է նշանակվել ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու Մկրտիչ Այվազյանը: Թե երբ է հայտարարվելու նոր մրցույթ, հայտնի չէ:
Հոգաբարձուների խորհրդի նախագահը նշում է, որ այս փուլում դա նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով բուհերի խոշորացման, ֆինանսական, մասնագիտական ու կադրային ռեսուրսների կենտրոնացման վերաբերյալ քննարկվող ծրագրերը:
Հեղինակ` Աննա Զախարյան