ԻՆԸ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆ ԿԱՆՉՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ
Թուրքիայում ինը երկրի, այդ թվում՝ Նիդերլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ՝ պարզաբանելու Ստամբուլում իրենց գլխավոր հյուպատոսությունների աշխատանքի դադարեցման որոշումը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ արևմտյան մի շարք երկրներ, ահաբեկչական սպառնալիքի պատճառաբանությամբ փակելով դիվանագիտական ներկայացուցչությունները, «հոգեբանական պատերազմ» են վարում իր երկրի դեմ:
Հունվարի 30-ին էլ ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել Թուրքիայում գտնվող ամերիկացիներին զգոն լինել, զգուշացրել Եվրոպայում Ղուրանի օրինակների այրման ֆոնին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին։
ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ԲԱՅԴԵՆԻՆ ԽՆԴՐԵԼ ԵՆ ՀԵՏԱՁԳԵԼ F-16-ԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
Ամերիկացի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով հետաձգել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը, մինչև այդ երկիրը չվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը։
Անկարան արձագանքել է այս նախաձեռնությանը: Իբրահիմ Քալընի խոսքով՝ Վաշինգտոնը պարտվողի կարգավիճակում կհայտնվի, եթե Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառի։
«Անկարան այլընտրանքներ ունի, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Մեր անօդաչու թռչող սարքերն արդեն ամբողջ աշխարհին ցույց են տվել իրենց հնարավորությունները»,- ասել է Էրդողանի խոսնակը։
ԿԻԵՎՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՄ-ՈՒԿՐԱԻՆԱ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Եվրամիության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քաղաքական գործիչները Կիև են մեկնել՝ մասնակցելու այսօր կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին, որի օրակարգում են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հակամարտության կարգավորման՝ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացրած ծրագիրը, ինչպես նաև Ուկրաինային ԵՄ աջակցությունը։
Եվրահանձնաժողովի ղեկավարը ուկրաինական կողմին է փոխանցել ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաշարի երկրորդ մասի վերաբերյալ պատասխան զեկույցը: Կառույցը ներկայացրել է իր նկատառումները, որոնք կօգնեն Կիևին արագացնել եվրաինտեգրման պրոցեսը:
ՍԵՐԲԻԱՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՆԱՏՕ-ԻՆ. ՎՈՒՉԻՉ
Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և կշարունակի պահպանել ռազմական չեզոքությունը՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ։ Նա նաև նշել է, որ չնայած Եվրամիությանն անդամակցելը կենսական նշանակություն ունի Սերբիայի համար, դրան աջակցում է երկրի բնակչության ընդամենը 43 %-ը:
Վուչիչը խոսել է նաև Սերբիայի ինքնուրույնության կարևորության մասին: «Մենք հուսով ենք, որ կշարունակենք լինել ինքնուրույն որոշումներ կայացնող երկիր, ո՛չ Արևելքից, ո՛չ Արևմուտքից ոչ ոք չի միջամտի այդ որոշումներին»,- ասել է Վուչիչը:
Վուչիչը նաև նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու համար Սերբիան պետք է շարունակի բանակցությունները և կարգավորի հարաբերությունները Կոսովոյի հետ: Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր և իշխող կուսակցության պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել: Ընդդիմադիրները գոչել են՝ «չենք զիջի Կոսովոն»:
ՖԻԼԻՊԻՆՆԵՐՆ ԱՄՆ-ԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԵՎՍ ՉՈՐՍ ՌԱԶՄԱԲԱԶԱ
Վաշինգտոնը և Մանիլան համաձայնության են եկել, որ ամերիկյան զինված ուժերին ֆիլիպինյան ևս չորս ռազմական օբյեկտի փոխանցման վերաբերյալ: Այսպիսով՝ ամերիկյան կողմն ընդհանուր առմամբ հասանելիություն է ունենալու ֆիլիպինյան 9 բազայի: Համաձայնությունը ձեռք է բերվել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և նրա ֆիլիպինցի գործընկեր Կարլիտո Գալվես կրտսերի հանդիպման ժամանակ։
Օսթինի խոսքով՝ ռազմական օբյեկտներն օգտագործվելու են երկու երկրի զինված ուժերի մարտական պատրաստության բարելավման, հումանիտար աջակցության, ինչպես նաև բնական աղետների հետևանքների վերացման նպատակով»։