ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Սոնա Ղազարյանն այսօր հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիերի հետ:
Կարևորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, անվտանգային խնդիրներին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարևորվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը և հայկական կողմի` այս ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամությունը: