Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 54-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 2-ի դրությամբ:
Օրվա վիճակագրական թարմացումներ
-
7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
-
12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
-
Արդեն 194 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
-
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
-
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 64 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
-
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 21.200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
-
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 53 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
-
Շրջափակման պատճառով Արցախի 120.000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
-
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել են 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
-
5528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից: