2022-ին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձանց արտասահմանից փոխանցվել է մոտ 5,2 մլրդ դոլար: Սա գերազանցում է վերջին 30 տարվա ընթացքում գրանցված ցուցանիշները նվազագույնը 2 անգամ: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընդգծում է՝ ֆինանսական այսպիսի հոսքի պայմաններում Կենտրոնական բանկին հաջողվել է զսպել գնաճը:
Սերգեյ Բագրատյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Գնաճն ընդամենը 8,3 %-ի սահմաններում պահելը տարածաշրջանում ամենացածր ցուցանիշն է, և մենք կարողացել ենք ճկուն քաղաքականության արդյունքում դա ապահովել:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տրանսֆերտների մեծ մասը եկել է Ռուսաստանից: Այդ երկրից մեկ տարվա ընթացքում Հայաստան է փոխանցվել 3,6 մլրդ դոլար, համեմատության համար՝ ԱՄՆ-ից փոխանցվել է 671, իսկ այլ երկրներից ընդհանուր առմամբ՝ 971 մլն դոլար: Տնտեսագետ Արմեն Քթոյանը սա պայմանավորում է մեծ թվով ռուսաստանցիների՝ Հայաստան տեղափոխվելով:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Նախորդ տարիներին շատ քիչ են եղել ամիսներ, երբ Ռուսաստանից Հայաստան ներհոսքը տրանսֆերտների գերազանցել է ամսական 100 մլն դրամը: Միջինում եղել է 80-100 մլն դոլար, բայց այս` 2022 թվականի երկրորդ կեսում հատկապես ամսական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան գերազանցել են 400 մլն դոլարը:
Նախորդ տարի ավելացել է ոչ միայն Ռուսաստանից Հայաստան, այլև հակառակ ուղղությամբ փոխանցվող ֆինանսական միջոցների թիվը: Ֆիզիկական անձինք բանկերի միջոցով 2022-ին Ռուսաստան են փոխանցել 453 մլն դոլար: Այս աճին նպաստել է վերարտահանման ծավալների մեծացումը, նշում է տնտեսագետը:
Արմեն Քթոյան - Այլ երկրներից Հայաստան ապրանք բերելով, հետո Հայաստանից արտահանելով արդեն Ռուսաստան՝ այդ հոսքերը բավականին ակտիվացել են: Օրինակ՝ նույն մեքենասարքավորումների մասով՝ Հայաստանի արտահանումը 2022 թ. ավելացել է 12 անգամ:
Սերգեյ Բագրատյանը կարևորում է Հայաստան մտած այդ գումարի ճիշտ օգտագործումը տնտեսության զարգացման համար, ընդգծում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը:
Սերգեյ Բագրատյան - Եթե մենք կարողանանք հետաքրքիր լինել այդ գումարների համար, ստեղծել այնպիսի ավանդների դաշտ, ներդրումային հնարավորություններ, ծրագրեր առաջարկենք տրանսֆերտների տերերին, կարող ենք դրա մեծ մասը պահել հանրապետությունում և 2023-2024 թվականներին շարունակական աճն ապահովել:
Փորձագետները դժվարանում են կանխատեսել՝ որքան կպահպանվի գումարների ներհոսքի աննախադեպ աճը Հայաստան, սակայն, ըստ հաշվարկների, նախորդ տարի փոխանցված 5,2 մլրդ դոլարը երկրի տնտեսության վրա իր ազդեցությունը կպահպանի մինչև այս տարվա կեսը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան