Բրիտանական Economist Intelligence Unit հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը գնահատել է աշխարհում ժողովրդավարության վիճակը: Վերլուծական խմբի կազմած «Ժողովրդավարության ինդեքս-2022» ամենամյա զեկույցի համաձայն՝ Հայաստանը ճանաչվել է «հիբրիդային ռեժիմ» և 167 երկրի ու տարածքի ցանկում զբաղեցրել 82-րդ տեղը:
Տարածաշրջանում Հայաստանը ժողովրդավարության ցուցիչով առաջինն է: Հարևան Վրաստանը 90-րդ տեղում է, Թուրքիան՝ 103-րդ։ Ադրբեջանը ավտորիտար երկրների շարքում է՝ 134-րդ հորիզոնականում, և 0,05 ինդեքսային կետով զիջում է Զիմբաբվեին։ Ռուսաստանը 146-րդն է, Իրանը՝ 154-րդը:
Հետազոտությունն իրականացվում է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ «Ընտրական գործընթաց և բազմակարծություն», «Կառավարության գործունեություն», «Մասնակցություն քաղաքական կյանքին», «Քաղաքական մշակույթ», «Քաղաքացիական ազատություններ», «Փոփոխություն նախորդ տարվա համեմատությամբ»:
«Ընտրական գործընթացի և բազմակարծության» համար Հայաստանը ստացել է 7.92 միավոր՝ հնարավոր 10-ից, «Կառավարության գործունեությունը» գնահատվել է 5.71 միավոր, «Քաղաքական մասնակցությունը»՝ 6.11, «Քաղաքական մշակույթը»՝ 3.13, «Քաղաքացիական ազատությունները»՝ 5. 29:
Economist Intelligence Unit-ի զեկույցների համաձայն՝ Հայաստանը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ցուցիչով: 2018 թվականից ի վեր Հայաստանն իր դիրքերը բարելավել է 21 նիշով: 2022 թվականին Հայաստանը վարկանիշային սանդղակում բարձրացել է 7 հորիզոնականով:
2016 - 120
2017- 111
2018 - 103
2019 - 86
2020 - 89
2021 - 89
2022 - 82
ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է 2022 թ. «Ժողովրդավարության ինդեքսում» Հայաստանի դիրքերի բարելավմանը՝ գոհունակություն արձանագրելով, որ մեր երկիրը տարածաշրջանում առաջինն է:
«Կառավարությունը հանձնառու է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի բարելավի իր քաղաքացիների կյանքի որակը»:
2022 թվականի զեկույցի համաձայն՝ աշխարհի 45,3%-ն ապրում է «այս կամ այն չափով դեմոկրատական երկրներում», մինչդեռ 50 տոկոսից ավելին ապրում է ավտորիտար կառավարման ներքո: Միայն 8 տոկոսն է բնակվում «լիակատար ժողովրդավարություն» ճանաչված երկրներում: Առավել ազատ և դեմոկրատական պետությունների առաջին հնգյակում են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Իսլանդիան, Շվեդիան և Ֆինլանդիան: Ավտորիտար ռեժիմների վերջին հնգյակում են Սիրիան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հյուսիսային Կորեան, Մյանման և Աֆղանստանը: Ըստ զեկույցի՝ 2022 թվականին ժողովրդավարությունն աշխարհում ընդհանուր առմամբ հետընթաց է գրանցել: