Փետրվարի 1-ին տարբեր քրեական գործերի շրջանակներում Ուկրաինայի ուժայինները խուզարկություններ են կատարել Կիևի հարկային ծառայության ղեկավարի պաշտոնակատար, գործարար Իգոր Կոլոմոյսկու տներում և գրասենյակներում: Մի շարք մաքսավորներ ազատվել են աշխատանքից:
Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները խուզարկություն են կատարել նաև ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի մոտ, ուսումնասիրել Airbus արտադրության ուղղաթիռների գնման մասին տեղեկությունը։ Հունվարի կեսերին նման ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ էր զոհվել։
Վերջին շաբաթներին ուկրաինական մամուլը հաղորդել է մի շարք կոռուպցիոն սկանդալների մասին, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունում բանակի համար պարենի գնումների ոլորտում։
Հունվարի 22-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց կադրային փոփոխությունների մասին, ապա պաշտոնից հրաժարվեցին պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, պաշտպանության նախարարության պետական գնումների դեպարտամենտի փոխտնօրեն Բոգդան Խմելնիցկին, «Պրոմոբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարի նախկին տեղակալ Վլադիմիր Տերեշչենկոն: Նրանց մեղադրանք է առաջադրվել յուրացման համար։
Աշխատանքից ազատվել են նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Սիմոնենկոն, մի քանի մարզային դատախազներ։ Աշխատանքից ազատվել են մաքսային ծառայությունում, համայնքների զարգացման, սոցիալական քաղաքականության նախարարություններում, անտառային ռեսուրսների գործակալությունում և սպառողների պաշտպանության ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք: