Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են Կովկասում կայունացման լուծման ուղիներ փնտրել, ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել այդ հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Անցյալ տարվա սեպտեմբերին բռնությունների մեկնարկից հետո Երևանը դիմել էր կազմակերպությանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնել է հայ-ադրբեջանական սահման, ներկայացրել ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում ծավալելու ծրագիրը: Այն պատրաստ էր դեռ վաղուց, բայց արդյունքում, Երևանում կայացած գագաթաժողովում հայ գործընկերներն ասացին, որ իրենց այդ որոշումը կյանքի կկոչվի միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները»,- ասել է Լավրովը, հավելել՝ ոչ բոլորն էին պատրաստ դա անել:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է՝ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը գալիս է տասնամյակների խորքից։
«Երկար-երկար տարիներ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Ռուսաստանը դիվանագիտական լուծման բազմաթիվ տարբերակներ էր առաջարկում, որոնք Հայաստանի դեռ նախկին իշխանություններն այնքան էլ դրական չէին ընկալում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց Հայաստանը երբեք չի հավակնել։ Ուստի Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն էին պատկանում»,- նշել է Լավրովը։