ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամաս կատարած այցի ավարտին առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
«Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, ընդգծել եմ, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի։ Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ՝ նշել եմ, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։ Հանդիպումների ընթացքում հավելել եմ, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, կտրվեն արագ լուծումներ»,- նշված է գրառման մեջ։