Ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը` նշել է Ռուսաստանի արտգործնախարարը Ադրբեջանի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում:
ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիները։ Շեշտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով աշխատանքի վերականգնման կարևորությունը։
ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԼԱՉԻՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՀԱՔ
Հարկավոր է ճնշում գործադրել հայ ռազմագերիների արտադատական սպանությունների միջազգային անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է պատգամավոր Ռուփա Հաքը: Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերի պետնախարար Լեո Դոքերթին էլ նշել է, որ Մեծ Բրիտանիան ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:
Պետնախարարը հավելել է, որ հումանիտար իրավիճակի վերաբերյալ խոսել է Հայաստանի արտգործնախարարի հետ: Հանդիպել Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը:
«Start հիմնադրամը, որի հիմնական դոնորներից է Միացյալ Թագավորությունը, ստեղծված իրավիճակի հետևանքով տուժած անձանց համար նախատեսում է հատկացնել 350.000 ֆունտ սթեռլինգ»,- ասել է Դոքերթին:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Միջազգային ճգնաժամային խումբն անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացումներին:
Վերլուծական կենտրոնը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես շարժվում են դեպի նոր առճակատում, ինչը, այդ թվում, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք է:
«Պատերազմից հետո ուժերի հարաբերակցությունն էլ ավելի է փոխվել հօգուտ Ադրբեջանի։ Ադրբեջանական բանակը վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Բաքվին ոգևորել է նաև ադրբեջանական գազով Եվրոպայի հետաքրքրվածությունը։ 2020 թվականի հրադադարի շրջանակում ռուս խաղաղապահներ են տեղակայվել: Դրա նպատակը նոր հարձակումները զսպելն էր: Սակայն 2022 թվականին ադրբեջանական զորքերը նոր տարածքներ գրավեցին Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև հենց Հայաստանում»,- ասված է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծության մեջ:
Կենտրոնը նաև մտահոգություն է հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը փակուղի է մտել, իսկ Ադրբեջանը փորձում է բռնի ուժով վերցնել այն, ինչ կարող է:
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը նոր հետաքննություն է անցկացրել Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ:
«Որոշ փաստաթղթերի արտահոսքի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական պետական երկու ընկերություն ծրագրել են 1,7 միլիարդ դոլար յուրացնել «Շահ Դենիզ 2» հանքավայրի նախագծից, որը սնուցում է Հարավային գազային միջանցքը: Այդ նպատակով ընկերությունները կեղծ մեղադրանքներ և պայմանագրեր են գործի դրել»,- ասված է նյութում:
Վերլուծական կենտրոնի տվյալով՝ բրիտանական British Petroleum նավթագազային ընկերությունը 2010-ականներին բազմիցս զգուշացվել է, որ նախագծում կոռուպցիոն խարդախություններ են իրականացվում: Ընկերությունը, սակայն, ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Միաժամանակ տեղեկություններ են ստացվել, որ նախագծի իրականացման ընթացքում Ադրբեջանի պետական ընկերություններից մեկի տնօրենն ու նրա կինը ավելի քան 10 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել Մայամիում։
«ԵՄ-ն օգտագործում է Ադրբեջանին որպես այլընտրանք ռուսական գազին, սակայն դա արվում է երկրի էկոլոգիայի և բնակիչների հաշվին»,- գրում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության գծով վերլուծական կենտրոնը: