Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը կկայանա Երևանում: Նման հեղինակավոր օլիմպիական մարզաձևի համաեվրոպական գլխավոր ստուգատեսն ընդունելն արդեն իսկ պատվաբեր է և գնահատական մեր երկրին: Մասնագետների դիտարկմամբ՝ դա նաև էապես կնպաստի Հայաստանում մարզաձևի էլ ավելի մասսայականացմանը:
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի հետ զրուցեցինք, և ֆեդերացիայի նախագահը՝ Գագիկ Վանոյանը, հանձն առավ սկսել գործընթացը Կառավարության աջակցությամբ: Կառավարության որոշմամբ մենք նաև երաշխավորված գումար փոխանցեցինք միջազգային ֆեդերացիային, Եվրոպայի ֆեդերացիային, որպեսզի կարողանանք պայքարել այդ իրավունքի համար:
Եվրոպայի առաջնությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող մրցումային և մարզումային դահլիճներ, անհրաժեշտ պրոֆեսիոնալ մարզագույք: Ձեռք բերված գույքը հետո բաժանվելու է մարզադպրոցներին և դարձյալ ծառայելու է մարզաձևի տարածմանը:
Կարեն Գիլոյան - Քաղաքապետարանը շուտով արդեն կսկսի Ալբերտ Ազարյանի անունը կրող մարզադպրոցի շինարարությունը, այն բավական լուրջ կառույց կլինի, և դա կլինի մեր մարզումային դահլիճը, իսկ մրցումը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, և երկու տեղում էլ մենք բարձր կարգի գույք պետք է տեղադրենք: Այս տարի արդեն միջնաժամկետային ծրագրով մենք կներառենք գույք, 2 հավաքածու՝ 24 թ., կգնենք 1 հավաքածու՝ 25-ին, 1 հավաքածու՝ 26-ին:
Նախարարի տեղակալն ասում է՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանը անհրաժեշտ քանակությամբ մարզագույք կունենա: Իսկ առաջնության ավարտից հետո մեր երկիրը 10-15 տարի այլևս սպորտային մարմնամարզության գույքի կարիք չի ունենա: Կառավարության ռազմավարական նպատակներից է մարզական խոշոր մրցաշարերի Հայաստանում անցկացումը:
Կարեն Գիլոյան - Հայաստանի վարչապետի հանձնարարականով՝ մենք ամեն տարի Հայաստանում պետք է անցկացնենք գոնե երկու խոշոր մրցաշար, առաջնություն, որպեսզի Հայաստանը վերադառնա աշխարհի սպորտային քարտեզ, և մեր հեղինակությունը այս ասպարեզում բարձրանա, որովհետև շատ երկար տարիներ ոչինչ չի արվել, և, վերջապես, անցած տարի մենք պաշտոնական օլիմպիական մարզաձևի Եվրոպայի առաջնությունը անցկացրինք, առաջին անգամ պատմության մեջ՝ բռնցքամարտի առաջնությունը:
Այս տարի էլ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն է անցկացվելու Հայաստանում, ընդունելու ենք բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, նաև սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան