Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ հակահրդեհային կանոնների խախտման պատճառով այսօրվանից դադարեցվեց «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը։ Տոնավաճառը ճանաչվել էր հրդեհավտանգ: Տեսչականը հայտնաբերել էր 17 խախտում և դրանք վերացնելու համար ժամանակ տվել: Աշխատակիցներն այսօր կասեցման որոշման դեմ տոնավաճառի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում:
Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն ու տեսչականի մասնագետներն ընդունեցին տոնավաճառի տնօրենին և ակցիայի մասնակից աշխատակիցներից մի քանիսին։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար սպառնալիք ստեղծող թերությունների վերացումից հետո միայն կքննարկվի տարածքում գործունեության արգելքը վերացնելու հարցը։
Սամվել Ավետիսյան («Մալաթիա» տոնավաճառի տնօրեն) - Վաղը երևի տղամարդիկ՝ ինչքան կա, կհավաքվեք, եթե անհրաժեշտություն լինի, որ միասին, բոլորս պիտի աշխատենք, մի օրում, երկու օրում վերջացնենք: Դրանք վերջացնում ենք, մասնագետներին հրավիրում ենք, որը որ մասնագետների աշխատանքն ա, կատարում են ու աշխատում ենք: Օրը չեմ ասում ես, քանի օր կարող ա դա տևի՝ 2, կարող ա՝ 4, կարող ա՝ 5 օր տևի: Բայց համաձայնության եկանք, մնացած աշխատանքները, ուրեմն, ես նախահաշիվ-նախագիծ կանեմ, ցույց կտամ իրանց: Եթե ձեռ ա տալիս մեզ աշխատելը, կաշխատենք, չէ՝ ուրեմն հետո ձեզ կհայտարարեմ ավելի շուտ:
Սամվել Ավետիսյանն ասում է՝ տեսչականի մասնագետները ևս մեկ անգամ կլինեն տոնավաճառում, որպեսզի հստակեցնեն՝ թե ի՛նչ աշխատանք պետք է կատարել:
Սամվել Ավետիսյան - Եթե դա էնքան աշխատանք են ցույց տալու, որ մեկ ամիս, երկու ամիս պետք ա փակենք, իրանք ուրեմն ամբողջ խոսակցությունը մոտավորապես դրան էին տանում, որ էս մեծ աշխատանքը: Մենք չհամաձայնվեցինք, և իրանք ընդառաջ եկան մեզ, ասեցին՝ մենք կկոնկրետանանք, կուղարկենք հանձնաժողով, ձեզ ցույց կտան՝ ինչ ենք անելու, ինչ չենք անելու:
Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն արդեն իսկ այցելել են տոնավաճառ: Տեսչականը հայտնում է, որ ընկերությունը նաև պետք է սեղմ ժամկետում ներկայացնի այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։
Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։
Տեսչական մարմնի դիրքորոշումն անփոփոխ է՝ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան