Այս նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորմանը և նաև պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը փետրվարի 1-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում` ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ այս պահին գույքագրվում են հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրեր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը, և ըստ այդմ կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովելու ձերբակալվածների իրավունքները:
Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որևէ փոփոխություն չի կատարվել:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է. «Այս նախագծով օրենքում կատարված փոփոխությամբ Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվեն ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձևը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: