ԻՐԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՑՈՒՅՑԵՐԸ ՀՐԱՀՐԵԼ ԵՆ ԹԵՀՐԱՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ. ՌԱԻՍԻ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է երկրի տնտեսական խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված կառավարության ջանքերի մասին։ Նրա խոսքով՝ Իրանում վերջին ցույցերը հրահրել են Թեհրանի թշնամիները:
Ռայիսին հավելել է, որ Թեհրանը պատրաստ է թույլատրել արևմտյան սոցիալական ցանցերին աշխատել Իրանում, սակայն դրանք որոշակի ստուգումներ պետք է անցնեն: Նա հիշեցրել է, որ Թեհրանը սահմանափակել էր օտարերկրյա առցանց ծառայությունների գործունեությունն Իրանում անկարգությունների ֆոնին: Նախագահի համոզմամբ՝ օտարերկրյա հարթակները չպետք է սպառնան Իրանի անվտանգությանը:
Ռայիսին անդրադարձել է հիջաբ կրելու հարցին՝ շեշտելով՝ դա կրոնական անհրաժեշտություն է:
ԲԼԻՆՔԵՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ ԵՌՕՐՅԱ ԱՅՑԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքիի մերձավորարևելյան եռօրյա այցն ավարտվել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններով։ Մինչ այդ նա հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Երկու հանդիպումների ընթացքում էլ նա կոչ է արել թուլացնել լարվածությունը և վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ նպաստել երկրների միջև խաղաղ կարգավորմանը:
Բլինքենը նաև մտահոգություն է հայտնել, որ Իրանը և Ռուսաստանը շարունակում են զարգացնել երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով՝ Թեհրանը անօդաչու թռչող սարքեր է տրամադրում Մոսկվային, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում:
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 27 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
ԱՄՆ-ը շուտով կարող է հայտարարել Կիևին ռազմական աջակցության նոր փաթեթի մասին՝ հայտնել է Սպիտակ տան խոսնակի առաջին տեղակալ Օլիվիա Դալթոնը: Reuters գործակալությունն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացրել է, որ Վաշինգտոնը պատրաստվում Ուկրաինային 2,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել, որը կներառի ավելի մեծ հեռահարության հրթիռներ։
Ուկրաինային շուրջ 400 միլիոն դոլարի ռազմական օգնության վերջին փաթեթի շրջանակում Վաշինգտոնը խոստացել է Կիևին 31 Abrams տանկեր, ինչպես նաև այլ տեսակի զինամթերք և սարքավորումներ տրամադրել: Պենտագոնի տվյալով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացրել է ավելի քան 27 միլիարդ դոլար։
ՇՎԵԴ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Շվեդիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում նորից պետք է գերիշխի ողջամտությունը՝ հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ Նա ընդգծել է՝ հարկավոր է հստակ գիտակցել, որ Շվեդիան՝ որպես պետություն, պատասխանատու չէ Ղուրանն այրելու և հակաթուրքական ակցիաների հետևանքով Անկարայի և Ստոկհոլմի միջև լարվածության համար:
Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն էլ ընդգծել է, որ Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն, սակայն Ստոկհոլմը կատարում է ՆԱՏՕ-ին անդամակցության հուշագրով սահմանված իր պարտավորությունները, հետևաբար Անկարան պետք է հաստատի Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները։
Թուրքական կողմն այդ կարծիքին չէ: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը զգուշացրել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքին սկանդինավյան երկու երկրի անդամակցության գործընթացն առաջ չի շարժվի, քանի դեռ չեն բավարարվել ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի պահանջները։
ՑՈՒՅՑԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
Փարիզի և Ֆրանսիայի մի շարք այլ բնակավայրերի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ցույցեր են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որոնց համաձայն 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել, հասարակական տրանսպորտը կաթվածահար է, որոշ ուսումնական հաստատություններ չեն աշխատում: Ֆրանսիական արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել ցույցերը, նրանք կոչ են արել ակցիայի մասնակիցներին փողոց դուրս գալ նաև փետրվարի 7-ին և 11-ին:
Փարիզի քաղաքապետարանն աջակցություն է հայտնել ցուցարարներին: Քաղաքապետ Անն Իդալգոն Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ Կառավարությունը պետք է հրաժարվի կենսաթոշակային բարեփոխումներից:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքի բարձրացման հետ կապված բարեփոխումների որոշումը վերջնական է և քննարկման ենթակա չէ: