Բանակում բարեփոխումների իրականացումն անվերջ շարունակվող գործընթաց է. Ազգային ժողովում անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե այդ բարեփոխումները դանդաղում են, նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Արմեն Խաչատրյանն անդրադարձել է ժամանակավոր տնակների խնդրին, նշել, որ դրանք փոխարինվելու են նոր և լավ կացարաններով:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մարտական գործողություններից հետո նախևառաջ խնդիր է առաջանում նոր պաշտպանական գոտիների ստեղծման, նոր տեղակայման վայրերի կահավորման ստեղծման: Երբ տեղի են ունենում ռազմական գործողություններ, այդ հատվածում առաջնային խնդիրը դեռևս բարեփոխումը չէ: Առաջնային խնդիրն առաջնային պահանջների կատարումն է: Եվ այսպես, որ մենք ասենք՝ բարեփոխում, դեռևս որոշ տեղեր պետք է բերենք սահմանված վիճակին, հետո նոր մտածենք բարեփոխումների մասին:
Մենք ամեն անգամ, ամեն ռազմական գործողություններից հետո հանդիպում ենք նոր իրողության և այդ իրողություններով պայմանավորված՝ մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ժամանակ են պահանջում:
Ռազմական նշանակության հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ են կառուցվում լեռնային և բարձրլեռնային հատվածներում: Ուղղակի, ցավոք սրտի, ոչ բոլորին է դա տեսանելի և այդպես էլ պետք է լինի, դա այնքան էլ հրապարակման ենթակա չէ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան