Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության («Մալաթիա» տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
Տնօրինությանը ներկայացվել է նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացնի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։
Ընկերության տնօրենը հայտնել է, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։
Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշել է, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։