Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած առողջարանային քաղաքին Կառավարությունը հերթական օգնությունն է ցույց տալիս՝ ամբողջությամբ փոխհատուցելով հյուրանոց- հյուրատների էլեկտրաէներգիայի ու գազի վարձավճարները: Նախագիծը, որ անցած հինգշաբթի հաստատվեց գործադիրի նիստում, նախատեսում է փոխհատուցում 2022-ի սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների համար: Փաստաթուղթը հեղինակած նախարարությունում բացատրում են՝ այս կերպ նպատակ ունեն օգնել տնտեսվարողներին, որոշակի առումով թեթևացնել նրանց ֆինանսական բեռը՝ մինչև կվերականգնվեն տուրիստական հոսքերը:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մեր մտավախությունը հետևյալն ա, որ հյուրանոցները, եթե, օրինակ՝ փակվեցին նույնիսկ որոշ ժամանակով, իրենք կորցնում են որոշակի կարողություններ, գույքը որոշակի կարող է մաշվել, վնասվել և այլն, որը որ հետագայում վերականգնելը ավելի շատ գումար կպահանջի, այսինքն՝ կորցրած կարողությունները համայնքում վերականգնելը զբոսաշրջային իմաստով շատ ավելի վնաս կարող է պատճառել: Դրա համար մեր աջակցությունն ուղղված է էդ ծառայությունների որակն ու շարունակականությունը ապահովելուն, նույնիսկ եթե այս պահին զբոսաշրջային այցելությունների քանակն այն որակի չէ, որը որ կուզեինք տեսնել:
Սահմանային էսկալացիայից հետո հյուրանոցներն ու հյուրատները գրեթե երկու ամիս չէին աշխատում: ՊԵԿ-ի տվյալով էլ՝ Ջերմուկում մոտ 3 անգամ նվազել է զբոսաշրջային ոլորտի շրջանառությունը: Աջակցության ծրագրով ընդհանուր գումարը 50 միլիոն դրամի սահմաններում է, ըստ փոխնախարարի՝ բավարարելով ներկայացված պահանջները՝ 10-15 հյուրանոցային տնտեսություն կստանա փոխհատուցում:
Ռաֆայել Գևորգյան - Ֆիլտրելու ենք այն ընկերություններին, որոնք ունեն եկամուտների զգալի նվազում, եթե վերցնենք 22 թվականի 4-րդ եռամսյակն ու համեմատենք դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի հետ, և, հետևաբար, եթե եկամուտները կրկնակի նվազել են, մեզ դա ոնց որ վերցրել ենք որպես ինդիկատոր, որոնք կընտրենք այն կազմակերպություններին ու կտրամադրենք աջակցություն:
Դիմումը պետք է ներկայացվի Էկոնոմիկայի նախարարություն, դրա ձևանմուշն առաջիկա օրերին կհրապարակվի կայքում: Փոխհատուցում ստանալու պարտադիր պայման է հարկային կարգապահությունը, ըստ որոշման՝ բիզնեսի հարկային պարտավորությունները դիմելուն նախորդող օրվա դրությամբ պետք է չգերազանցեն 100 հազար դրամը:
Ռաֆայել Գևորգյան - Այն տնտեսվարողները, որոնք կդիմեն ստանալու օժանդակություն, արդեն իրենցից յուրաքանչյուրի համար կկատարվեն համապատասխան ճշտումները ՊԵԿ-ի հետ, Ջերմուկ համայնքի հետ նաև, և կկայացվեն որոշումներ:
Դիմումից մինչև փոխհատուցում գործընթացը մոտ 20 օր կտևի: Ու թեև հաստատված նախագիծը ոչ բոլորի վրա կտարածվի, Գևորգյանի խոսքով՝ քննարկումները շարունակվում են: Նոր տարին, Սուրբ Ծնունդը, ասում է, մի փոքր աշխուժացրել էին առողջարանային քաղաքը, բայց աջակցության նոր ծրագրերի համար այդ ցուցանիշները որպես հիմք դեռ չեն շտապում ընդունել:
Ռաֆայել Գևորգյան - Ներկայումս ներսում շարունակվում են քննարկումները, և եթե զգանք, որ միջոցառումը բավարար չէ, և շարունակական խնդիր կա Ջերմուկ համայնքում ու միգուցե ոչ միայն Ջերմուկ համայնքում, այլ նաև այլ համայնքներում, որոնց համար տուրիզմը կարևոր նշանակություն ուներ, Կառավարությունը համապատասխանաբար նոր որոշումներ կկայացնի, որպեսզի վիճակը շտկի:
Ավելի վաղ էլ e-draft-ում շրջանառության մեջ էր դրվել ու քննարկվել սուբսիդավորման մեկ այլ ծրագիր՝ ուղղված զբոսաշրջային հոսքերի խրախուսմանը: Ըստ նախագծի՝ աջակցությունը տրամադրվելու էր Սյունիքի ու Վայոց ձորի հյուրանոց-հյուրատներին: Առայժմ միայն քննարկմամբ ավարտված ծրագիրը չմանրամասնելով, փոխնախարարը նորից ընդգծեց՝ կամփոփեն տվյալները, կկայացնեն որոշումներ: