Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների իրականացրած հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել և բերման է ենթարկվել 39 մարդ, որոնք, ըստ իրավապահների, կրոնական քողի տակ դիվերսիոն գործողություններ են իրականացրել։
Ադրբեջանի ՆԳՆ տվյալով՝ «Այդ անձինք, ներկայանալով որպես հավատացյալ, սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, չարաշահել են Ադրբեջանում կրոնի ազատությունը և կատարել են իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները՝ տապալելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»։
«Օգտագործելով Իրանի բնորոշիչ նշանները, ինչպես նաև պարսկերեն տարբեր գրություններով սև դրոշները, սոցիալական ցանցերում և կրոնական արարողությունների ժամանակ, որոնց մասնակցում են Ադրբեջանի քաղաքացիներ, նրանք՝ կրոնական խտրականություն դրսևորելու և միջկրոնական ատելություն սերմանելու նպատակով խառնաշփոթ են առաջացրել հասարակության մեջ և հավաքագրված տեղեկատվությունը փոխանցել են հատուկ ծառայություններին, որոնցից էլ հանձնարարություններ են ստացել»,- հավելել է նախարարությունը։