ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՇՈՒՐՋ 40 «ԻՐԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍ». ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԳՆ
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ օպերատիվ միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել շուրջ 40 մարդ, որոնք, ըստ իրավապահների, կրոնական քողի ներքո իբր դիվերսիոն գործողություններ են կատարել։
Նախարարությունը պնդում է, թե իբր «այդ անձինք, հավատացյալ ներկայանալով, սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, չարաշահել են Ադրբեջանում կրոնի ազատությունը և կատարել իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները՝ տապալելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»։
ԹՈՒՐՔԻԱ-ՆԱԽԻՋԵՎԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է
Փետրվարի 1-ին վերաբացվել է Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ցամաքային սահմանը։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տվյալով՝ Դիլուջու և Սադարակ մաքսակետերով սահմանը կարող են հատել միայն Նախիջևանի բնակիչները՝ սեփական մեքենաներով։ Սահմանի նշված հատվածը փակվել էր հակահամավարակային միջոցառումների շրջանակում:
ԱՆԿԱՐԱՆ ՉԻ ՀԱՍՏԱՏԻ ՆԱՏՕ-ԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան չի հաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, մինչդեռ Ֆինլանդիայի անդամակցության հարցը, հավանաբար, դրական հանգուցալուծում կստանա։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ քանի դեռ Շվեդիան թույլ է տալիս, որ երկրում այրեն և պատռեն սուրբ գիրքը՝ Ղուրանը, Անկարան «այո՛» չի ասի ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի միանալուն:
Մևլութ Չավուշօղլուն էլ ընդգծել է, որ սկանդինավյան երկու երկիրն էլ չեն ցանկանում բավարարել ահաբեկչության դեմ պայքարում և այլ հարցերում Անկարայի մտահոգությունները: Արտգործնախարարը հավելել է՝ Անկարան տեղեկություն չունի՝ ով է կանգնած Շվեդիայում վերջերս հակաթուրքական ակցիաների կազմակերպման և Ղուրանի պղծման ետևում: Նրա խոսքով՝ դա սադրանք է, որի նպատակն է թույլ չտալ Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին:
Ավելի վաղ Շվեդիայի վարչապետը հայտարարել էր՝ հարկավոր է հստակ գիտակցել, որ Շվեդիան, որպես պետություն, պատասխանատու չէ Ղուրանի այրման և անցկացված ակցիաների համար:
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՈՐՈՇ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ԳՈՐԾԵԼ
Ստամբուլում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցնում են գործունեությունը՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։ Շվեդիայի և Նիդերլանդների ներկայացուցչությունները նույնպես այցելուներ չեն ընդունի։
Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել Թուրքիայում գտնվող ամերիկացիներին զգույշ լինել, զգուշացրել էր Ստամբուլի կենտրոնում հնարավոր ահաբեկչական գործողությունների վտանգի մասին։
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՊԱՏՇԱՃ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ
Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը շարունակվում է, հերթական նիստին նա մասնակցել է հեռավար։ Վրաստանի նախկին նախագահը վրացերեն և ուկրաիներեն դիմել է դատարանին, նշել, որ իր առողջական վիճակը վատթարացել է, և խնդրել պատշաճ բուժօգնություն ապահովել:
Փաստաբանների խոսքով՝ Սաակաշվիլին բանտում թունավորվել է ծանր մետաղներով, նրա մոտ 4-րդ աստիճանի կախեքսիա է ախտորոշվել, պաշտպանները պահանջում են Սաակաշվիլիին տեղափոխել արտերկիր:
Զուրաբ Չխեիձեն էլ՝ կլինիկայի տնօրենը, որտեղ բուժում է ստանում քաղաքական գործիչը, հայտարարել է, որ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, նրա վիճակն այդքան էլ ծանր չէ։
ՑՈՒՅՑԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
Փարիզի և Ֆրանսիայի մի շարք այլ բնակավայրերի 1 միլիոնից ավելի քաղաքացի ցույցեր է անցկացրել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որոնց համաձայն` 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել, հասարակական տրանսպորտը կաթվածահար է:
Քաղաքապետ Անն Իդալգոն Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ Կառավարությունը պետք է հրաժարվի կենսաթոշակային բարեփոխումներից:
Վարչապետ Էլիզաբեթ Բորնն էլ հայտարարել է, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին որոշումը վերջնական է և քննարկման ենթակա չէ:
ԳՆԱՃԻ ՖՈՆԻՆ ՑՈՒՅՑԵՐ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Ցույցեր են նաև Մեծ Բրիտանիայում: Գնաճի ֆոնին երկիրը բախվել է վերջին տասնամյակի խոշորագույն գործադուլին: Քաղաքացիները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Ցույցերին մասնակցել են մասնավորապես կրթական ոլորտի, կապի և պետական հատվածի աշխատակիցներ: Հասարակական տրանսպորտը կաթվածահար է: Լրատվամիջոցների տվյալով՝ ակցիային մասնակցել է շուրջ կես միլիոն մարդ: