ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությունը, որը սկսվել էր կիրակի՝ Եգիպտոսում, ավարտվել է հունվարի 31-ին Ռամալլայում Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններով։ Մինչ այդ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Երկու հանդիպումներում էլ ԱՄՆ պետքարտուղարը կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և վերահաստատել է Վաշինգտոնի հանձնառությունը՝ երկու պետությունների միջև հակամարտության լուծմանը, գրում է Euronews-ը։
Հանդիպումները տեղի են ունեցել իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում սրված լարվածության ֆոնին՝ Իսրայելում երկու ահաբեկչություններից, ինչպես նաև Ջենինում Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններից հետո։
Երուսաղեմում Բլինքենը քննարկել է նաև Իրանի միջուկային քաղաքականության հարցը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է՝ Իրանը դառնում է աճող գլոբալ սպառնալիք՝ Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարման պատճառով։ Քննարկման թեմաներից է եղել նաև Ուկրաինային աջակցությունը: Բլինքենը կոչ է արել Իսրայելին` օգնել Կիևին ոչ միայն հումանիտար ու տնտեսական ոլորտներում, այլև պաշտպանական: