Օccrp.org-ը գրում է, որ մինչև անցյալ տարի Ռովնագ Աբդուլաևը ղեկավարում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, ստանալով համեստ պաշտոնական աշխատավարձ: Նրա որդին՝ Ռաշադը, սակայն, 25 տարեկանում գնել է չափազանց թանկ գույք Լոնդոնի Գրոսվենոր հրապարակում:
SOCAR հսկայական պետական ձեռնարկությունը բազմիցս քննադատության է ենթարկվել թափանցիկության պակասի և պետական գանձարանի հաշվին ադրբեջանական վերնախավին, այդ թվում՝ Աբդուլաևի ընտանիքի անդամներին հարստացնելու համար:
SOCAR-ի նախկին տնօրենը, որն այժմ զբաղեցնում է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը, բացի իր պաշտոնական աշխատավարձից, եկամտի ուրիշ հայտնի աղբյուր չի ունեցել։ Սակայն նոր բացահայտումից պարզ է դարձել, որ նրա 28-ամյա որդին՝ Ռաշադ Աբդուլաևը, շքեղ բնակարան ունի Գրոսվենոր հրապարակում, որը Լոնդոնի ամենաթանկ շրջաններից մեկն է: Նա գույքը ձեռք է բերել գաղտնի օֆշորային ընկերության միջոցով 17,3 միլիոն բրիտանական ֆունտով (22,4 միլիոն դոլար)՝ 2019 թվականին:
Բազմահարկ շենքը ժամանակին օգտագործել է ԱՄՆ նավատորմը և հյուրընկալել է գեներալ Դուայթ Դ. Էյզենհաուերին, երբ նա ղեկավարում էր դաշնակից ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 2014 թվականից այն վերածվել է էլիտար բնակելի շենքի, որտեղ կա գինու մառան և 25 մետրանոց լողավազան։
Անցյալ մարտին The Telegraph-ը հայտնել էր, որ այդ շենքում բնակարանների մի մասը ձեռք են բերել հայտնի օտարերկրյա գործարարներ, այդ թվում՝ ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը:
Սակայն շենքի երրորդ հարկում գտնվող չորս սենյականոց բնակարանի նկատմամբ Ռաշադ Աբդուլաևի սեփականության իրավունքի մասին միայն վերջերս է հայտնի դարձել: Դա հնարավոր է եղել շնորհիվ անցյալ տարի Մեծ Բրիտանիայում ընդունված Տնտեսական հանցագործության դեմ օրենքի: Այն երկրում անշարժ գույք ունեցող բոլոր արտասահմանյան կազմակերպություններից պահանջում է մինչև 2023 թվականի հունվարի վերջ ներկայացնել իրենց վերջնական շահառուներին:
Գերնսիի ընկերության գրառումները ցույց են տալիս, որ Ռաշադ Աբդուլաևը սեփականատեր է դարձել 2019 թվականի հունիսին։ Ընկերությունը նույն տարվա դեկտեմբերին գնել Լոնդոնի բնակարանը: «Թափանցիկության նոր կանոնները ցույց են տալիս, թե ինչպես են ամբողջ աշխարհում քաղաքական կապեր ունեցող մարդիկ գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով Մեծ Բրիտանիայում հսկայական քանակությամբ անշարժ գույքի տիրանում»,-ասել է «Թրանսփարենսի ինտթերնեյշընըլ» կազմակերպության Միացյալ Թագավորության գրասենյակի հետաքննությունների բաժնի ղեկավար Բեն Քաուդոքը:
Բնակարանի վճարման համար օգտագործված գումարի աղբյուրը հայտնի չէ։ Ռաշադ Աբդուլաևը չի պատասխանել այս պատմությունը մեկնաբանելու խնդրանքներին: Նրա հայրը ՝ Ռովնագ Աբդուլաևը, էլեկտրոնային փոստով գրել է, որ որդու բնակարանի հետ կապված ոչ մի վճար չի կատարել և ոչինչ չի իմացել այն գնելու համար օգտագործված գումարի ծագման մասին: Միաժամանակ նա վստահեցրել է, որ իր որդին ապօրինի գործարք չի կատարել այդ բնակարանը ձեռք բերելու համար, ամեն ինչ արվել է օրենքով:
Մինչդեռ SOCAR-ի տարեկան հաշվետվությունները ցույց են տալիս, որ ընկերության նախագահի և մոտ մեկ տասնյակ փոխնախագահների տարեկան աշխատավարձերով ու նպաստներով, որոնք 800,000 դոլարից պակաս են, գրեթե անհնար է Լոնդոնում նման բնակարան գնելը:
Այժմ արդեն հեռացված LinkedIn պրոֆիլի համաձայն, Ռաշադ Աբդուլլաևը 16 տարեկանում աշխատանք է ստացել SOCAR Trading-ում ՝ պետական նավթային ընկերության շուկայի կառավարման և զարգացման բաժնում: Նրա «առևտրի և բիզնեսի զարգացման մասնագետ» էր։ Ռաշադի հայրը, սակայն, վիճարկել է այդ տեղեկությունը՝ գրելով, որ Ռաշադը աշխատել է ոչ թե SOCAR Trading-ում, այլ SOCAR-ի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերությունում որպես փորձնակ:
Ընդամենը երեք տարի անց՝ 19 տարեկանում, Ռաշադ Աբդուլաևը, ապրելով Թուրքիայում, հիմնել է անշարժ գույքի ներդրումների, խորհրդատվության և գույքի կառավարման ընկերություն։ Մի քանի տարում նա դարձել է նաև ռեստորանի սեփականատատեր Բոդրում առողջարանային քաղաքում և Վրաստանի բենզալցակայանների ցանցի համասեփականատեր։ Նրա ներկա աշխատանքի վայրի ու եկամուտի մասին տեղեկություններ չկան:
SOCAR-ը Ադրբեջանի նավթային հարստության մեծ մասի կառավարիչն է, սակայն թափանցիկության կողմնակիցներն ու կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետները բազմիցս կազմակերպությանը մեղադրել են ծայրահեղ գաղտնիության, հաշվետվողականության բացակայության և հանրությանն անհայտ անձանց հետ անբացատրելի ֆինանսական գործարքների համար:
«SOCAR-ն Ադրբեջանի առաջատար կոռումպացված պետական ընկերություն է», - ասել է ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, որը ներկայումս հրավիրված ավագ գիտաշխատող է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում: «Նրանք երբեք տեղեկություններ չեն հայտնում, երբեք չեն հրապարակում զեկույց այն մասին, թե ինչքան գումար են ստացել, ինչքան հարկեր են վճարում»,- ասել է նա:
Նույն թվականին, Գրոսվենոր հրապարակում գնած բնակարանից բացի, 25-ամյա Ռաշադ Աբդուլաևի անունը հայտնվում է մեկ այլ գործով, որն ընդգծում է նրա ընտանիքի ծայրահեղ հարստությունը: Ըստ OCCRP-ի տեղեկությունների, Իբիցայում գողացել են երիտասարդի 1,35 միլիոն դոլար արժողությամբ շքեղ ժամացույցը: SOCAR-ի ներկայացուցիչը հերքել է այդ լուրը, իսկ Աբդուլաևը հայտարարել է, որ այդ ժամացույցն իրենը չէ:
Հաղորդվում է, որ նրան տեսել են նաև Լոնդոնում 300,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Mercedes վարելիս:
Ռովնագ Աբդուլլաևին անցյալ տարի SOCAR-ի ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էկոնոմիկայի փոխնախարարի նրա նոր պաշտոնը համարվում է նվազ ազդեցիկ: