Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, կարծում է կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխեիձեն, որտեղ բուժում է ստանում քաղաքական գործիչը։
«Ոչինչ չի փոխվել, հիվանդը հանգիստ է, նրան ստուգել են տարբեր մասնագետներ, նա վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ»,- «Մտավարի արխի» հեռուստաընկերության եթերում ասել է Չխեիձեն:
Նախօրեին Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները և նրա ընտանիքի անդամները հայտարարել էին, որ քաղաքական գործչին անհրաժեշտ է տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, և արդեն կատարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։
Սաակաշվիլու ընտանիքի անդամներն ամեն օր հայտնում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։ Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սաակաշվիլին թունավորվել է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է նախկին նախագահի ազատազրկման ժամկետի հնարավոր հետաձգման գործը՝ արտերկրի կլինիկայում նրա բուժման նպատակով։