Հունվարի 27-ին կայացած միջազգային առողջապահական կանոնների (2005) Արտակարգ իրավիճակների կոմիտեի տասնչորսերորդ հանդիպման ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ հունվարի 30-ին լրանում է կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ որակելու 3 տարին, և COVID-19 համավարակը շարունակում է մնալ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ՝ առողջությանը և առողջապահական համակարգերին էական վնաս պատճառելու կարողությամբ:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է.
«Քանի որ մենք մտնում ենք համավարակի չորրորդ տարին, անկասկած, մենք հիմա շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան մեկ տարի առաջ, երբ Omicron-ով պայմանավորված ալիքն իր գագաթնակետին էր: Բայց 2023թ. դեկտեմբերի սկզբից ի վեր շաբաթական գրանցված մահերի դեպքերը աճում են: Անցած ութ շաբաթվա ընթացքում ավելի քան 170,000 մարդ է մահացել COVID-19-ի պատճառով, և դա ընդամենը արձանագրված մահվան դեպքերն են, մենք գիտենք, որ իրական թիվը շատ ավելի մեծ է: Մենք չենք կարող վերահսկել վիրուսը, բայց մենք կարող ենք անել ավելին բնակչության և առողջապահական համակարգերի խոցելիությունը լուծելու համար:
Դա նշանակում է, որ անհրաժեշտ է բարձրացնել պատվաստումային գործընթացը (պատվաստել առավել ռիսկային խմբերի 100%-ին), բարձրացնել թեստավորման գործընթացը և շարունակել համաճարակային իրավիճակին համապատասխան միջոցառումների կիրառումը: Մենք հույս ունենք, որ այս տարի աշխարհը կանցնի նոր փուլի, որտեղ մենք հոսպիտալացումներն ու մահերը հնարավորինս ցածր մակարդակի կհասցնենք, և առողջապահական համակարգերը կկարողանան կառավարել COVID-19-ը ինտեգրված և կայուն ձևով։
Առողջապահական համակարգերը ներկայումս խիստ ծանրաբեռնված են՝ պայմանավորված COVID-19-ով, գրիպով և շնչառական սինցիտիալ վիրուսով (RSV) պայմանավորված դեպքերի բարձր մակարդակով: Այդ իսկ պատճառով պատվաստանյութերը և ախտորոշիչ միջոցները եղել և մնում են կարևոր ու առանցքային հիվանդությունների կանխարգելման գործում՝ փրկելով կյանքեր և թեթևացնելով բեռը գլոբալ առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար»:
Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.
պատվաստվել COVID-19-ի դեմ,
ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,
կրել դիմակ,
հաճախակի լվանալ ձեռքերը օճառով կամ ախտահանել,
խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,
պահպանել սոցիալական հեռավորություն,
հաճախակի օդափոխել փակ տարածքները: