Դռնից ներս դաս է, ավելի ճիշտ՝ վերապատրաստում: Աշակերտի դերում էլ բժշիկներ են, փորձագետներ, որ ցանկանում են ընդգրկվել փետրվարի 1-ից սկսվող՝ անձի ֆուկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում: Դասընթացավար Սարգսյանը մանրամասն բացատրում է, թե ինչպես են նոր կարգով որոշվելու հաշմանդամություն ունեցողի առողջական կարիքները, նշանակվելու բալերը, որոնք են ֆունկցիայի ու կառուցվածքի գնահատման չափանիշները: Ասում է՝ նոր մեթոդաբանությամբ առավելագույնն օբյեկտիվ մոտեցում է լինելու:
Անուշ Սարգսյան (վերապատրաստող մասնագետ) - Հնարավորինս փորձում ենք նվազեցնել սուբյեկտիվությունը: Իհարկե կան գնահատվող ախտանիշներ, օրինակ՝ ցավի գնահատումը սուբյեկտիվ հասկացություն է, բայց քանի որ գնահատվող անձը մի ֆունկցիայով չի գնահատում, կամ մի կողմը չի գնահատում, գնահատվում է բազմակի հնարավորնս սուբյեկտիվությունը նվազագույնի է հասնում և քանի որ տրվում են հստակ չափորոշիչներ, հստակ ուղեցույցներ, մեթոդական ուղեցույցներ, որոնցով որ հաշվելի է դառնում, չափելի է դառնում տվյալ գնահատվող անձի ֆունկցիայի խանգարումը:
Սա բժիշկների արդեն 4-րդ խումբն է, երեքն ավարտել են մեկշաբաթյա դասընթացը, անցել են փորձաքննություն, թեստավորում: 42 բժիշկ ու 43 հարբժիշկ այս պահին գրեթե պատրաստ են սկսելու հաշմանդամության գնահատման նոր մեթոդի գործնական կիրառումը: Երկրորդ ամսվա սկզբին ընդառաջ ասում են՝ պատրաստ են գործի անցնել:
Անուշ Սարգսյան - Բավարար մասնագետների թիմ արդեն ունենք որ սկսենք քանի որ այս տարի փետրվարի մեկից սկսում ենք այն մարդկանց փորձաքննությունը ովքեր որ առաջին անգամ են դիմում և մասնակիցների, բժիշկների ու փորձագետների քանակը կբավարարի:
Անձի ֆունկցիոնալության գնահատումը թիմային աշխատանք է լինելու՝ ընդգծում են մասնագետները, յուրաքանչյուրն ունենալու է իր դերը: Որպես փորձաքննող մասնագետ, նոր կարգով, առաջին անգամ բժիշկներին միանալու են նաև հարբժիշկները՝ կինեզոլոգներ, հոգեբաններ, լոգոպետներ, հատուկ մանկավարժներ: Հենց նրանք են որոշելու անձի ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական կարողությունները: Մասնագետ Իսախանյանն ասում է՝ թեև համակարգի հանդեպ տարիներ շարունակ վստահությունը ցածր է եղել, քաղաքացին այսուհետ կարող է վստահել ապագա գնահատողների կարողություններին:
Անահիտ Իսախանյան (վերապատրաստող մասնագետ) - Մինչ այսօր գնահատումն ավելի շատ սուբյեկտիվ էր հիմա մենք կիրառում ենք միջազգային թեստեր, որոնք դարձնում են գնահատումը օբյեկտիվ, որովհետև դրանք իրացված են, փորձված են ու տալիս են չափավոր հնարավորություն, այսինքն՝ չափավոր այն, ինչ մենք գնահատում ենք:
Վերապատրաստող Իսախանյանի խոսքով՝ հարբժիշկները ոչ միայն կմասնակցեն գնահատմանը, այլև անհրաժեշտության դեպքում աջակցող միջոցների խորհրդատվության կտան՝ ավելի բարձրացնելով հաշմանդամություն ունեցողի կյանքի որակը: