ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Ֆինլանդիան «ավելի քիչ խնդրահարույց» է, քան Շվեդիան, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Պորտուգալիայի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Մադրիդում եռակողմ հուշագիր ստորագրելուց հետո Ֆինլանդիայից դրական ազդակներ են հնչել:
«Բոլորը պետք է գիտակցեն՝ Թուրքիայի մտահոգությունները հասկանալը բավարար չէ, դրանք պետք է բավարարվեն»,- հայտարարել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը՝ ընդգծելով՝ կարծում է՝ արդար մոտեցում է «խնդրահարույց և ոչ այնքան խնդրահարույց երկրների» միջև տարբերություն դնելը։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Անկարան կարող է առանձին գնահատել ՆԱՏՕ-ի հայտերը, եթե Հյուսիսատլանտյան դաշինքն ու մյուս երկրներն այդ հարցով որոշում կայացնեն:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է ուղերձ հրապարակել Ֆինլանդիայի վերաբերյալ, որը ցնցելու է Շվեդիային: Նա ակնարկել էր, որ ուղերձը կլինի միայն այն դեպքում, եթե Ֆինլանդիան չանի նույն սխալը, ինչ Շվեդիան: Ֆինլանդիայի արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ բազմիցս նշել են՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը համատեղ է:
«Մենք կիսում ենք Բալթիկ ծովի ընդհանուր ափը, և երբ ՆԱՏՕ-ն պլանավորում է իր պաշտպանությունը այս տարածաշրջանում, նա պետք է քարտեզի վրա ներկայացնի ինչպես Ֆինլանդիային, այնպես էլ Շվեդիային»,- հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարարը:
ԻՐԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ ՉԻ ՄԵՂԱԴՐԵԼ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ Սպահան նահանգում գտնվող ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վերաբերյալ Կիևի մեկնաբանությունների պատճառով:
Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակի հայտարարությանը:
«Պայթյուններով գիշեր Իրանում ... Ուկրաինան զգուշացրել էր»,- գրել էր Պոդոլյակը՝ մեկնաբանելով Սպահանի գործարանի վրա հարձակումը:
Տարբեր երկրներ ու կառույցներ արձագանքել են Սպահանի գործարանի վրա հարձակմանը:
ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն հստակ պատկերացում չունի, թե ով է ներգրավված Իրանի Սպահան քաղաքում գործարանի վրա հարձակման մեջ։
Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք է զուսպ լինեն՝ նոր էսկալացիա թույլ չտալու համար։ ԱՄՆ-ի բանակը ներգրավված չի եղել Իրանում տեղի ունեցած հարձակման մեջ՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակը: Պատրիկ Ռայդերը, անդրադառնալով Սպահանի զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, այլ մեկնաբանություն հրաժարվել է տալ: Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը նույնպես հրաժարվել է մեկնաբանություն տալ:
Թեհրանը պաշտոնապես որևէ երկրի չի մեղադրել հարձակման համար: Իրանի արտգործնախարարը տեղի ունեցածը որակել է վախկոտ հարձակում, որի նպատակն էր անկայունություն ստեղծել երկրում:
ԼԻՆ ԹՐԵՅՍԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՌԴ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին այսօր առաջին անգամ այցելել է Ռուսաստանի ԱԳՆ, իր հավատարմագրերը հանձնել փոխարտգործնախարարին։
Թրեյսին հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ. կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ ՌԴ ԱԳՆ շենքի մոտ Թրեյսիին դիմավորել են ցուցարարները՝ հակաամերիկյան կարգախոսներով։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Բուդապեշտում կայացել են բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Ադրբեջանը և Հունգարիան ստորագրել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, ստորագրել են համատեղ հռչակագիր Ադրբեջանի և Հունգարիայի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին։
Բացի այդ, կողմերը ստորագրել են ևս 6 փաստաթուղթ, այդ թվում՝ համագործակցության արձանագրություն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև, փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի էկոնոմիկայի և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարությունների միջև՝ բնական գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ: