Կառավարությունը 2022 թվականին մաքսատուրքից ազատման 18 միլիարդ դրամի արտոնություն է տվել 260 մլրդ դրամի ներդրման ծավալով 56 ներդրումային ծրագրի: Պետության այս քաղաքականությունը շարունակական է, և այս տարի արդեն 8 ընկերության արտոնության է տրվել:
Պլաստիկի արտադրությամբ զբաղվող այս ընկերությանը նախորդ տարի Կառավարությունն ազատել է մաքսատուրքից: 12 մլրդ դրամի հումքի ձեռքբերման համար ընկերությունը 224 մլն դրամի արտոնություն է ստացել:
Վարուժան Խալաթյան (Պլաստիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր տնօրեն) - Հիմնականում մրցակցությունը իրանական արտադրության հետ է կապված, հենց գործարանային արտադրությունից սուբսիդավորվում է տեղական արտադրողի ձեռք բերված հումքը, մրցունակ չենք նաև հոսանքի արժեքով, իրանական հոսանքը մոտ 3,5 դրամով է վաճառվում: Դրա տարբերությունը կոմպենսացնելու համար մեզ մեծ օգնություն եղավ Կառավարության կողմից մաքսատուրքից ազատելու պոլիմերային հումքերը 5 տարի տևողությամբ, որը, կարծում եմ, բավականին լուրջ ազդեցություն կունենա մեր տնտեսության, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման վրա:
Ընկերությունն արտոնությունը ստացել է նախորդ տարվա նոյեմբերին և պարտավորվել է 113 նոր աշխատատեղ ստեղծել: Մոտ 50 աշխատատեղ արդեն ավելացրել են: Սկսել են նաև արտահանել:
Վարուժան Խալաթյան - Ունենք արտահանում մեր արտադրության 10 տոկոսի չափով, հիմնականում Վրաստան Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, և Կառավարության այս որոշումով մենք ինքնարժեքի մեծ տարբերություն կունենանք և մրցունակ կլինենք այդ շուկաներում:
Ընդհանուր առմամբ Կառավարությունը նախորդ տարի մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել 56 ծրագրի` 260 մլրդ դրամի ներդրման ծավալով: 18 մլրդ դրամ է գնահատվում արտոնության չափը:
Արմեն Եգանյան (ՀՀ ԷՆ արդյունաբերության քաղաքականության վարչության պետ) - Այսինքն` ընկերություններն այդքան ներդրում են նախատեսում առաջիկա 3-5 տարիների ընթացքում և ստեղծել 4800-ից ավելի նոր աշխատատեղեր:
Հիմնականում արտոնություն է ստացել մշակող արդյունաբերության ոլորտը: Գործընթացը պարզ է՝ նշում է Եգանյանը, ընդգծում՝ հիմնականում չափանիշներին համապատասխանող բոլոր ընկերություններն օգտվում են արտոնությունից:
Մասնագետների կարծիքով` արտոնությունների տրամադրումը շատ դեպքերում անհավասար պայմաններ է ստեղծում ընկերությունների միջև, սակայն տվյալ դեպքն այլ է:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Սա կարելի է գնահատել որպես դրական երևույթ այն պարզ պատճառով, որ սա նշանակում է, որ վերջիններիս գումարները թեկուզ չեն մտնում բյուջե և եթե մտնեին էլ, ամենայն հավանականությամբ կարող էին ուղղվել ԵԱՏՄ, այսպես ընդհանուր հավաքվող բյուջեի շրջանակում, հետևաբար, այդ գումարները մնում են նախ և առաջ Հայաստանում, վերածվում են կոնկրետ արտահանելի ապրանքների և արտարժույթ են բերում մեր երկիր:
Ծրագրի ներդրումից ի վեր՝ 2015-ից մինչև 2021 թվականը, արտոնություն է տրվել 232 ծրագրի, որոնք պարտավորվել են 960 մլրդ դրամի ներդրում անել և ավելի քան 14 հազար աշխատատեղ ստեղծել: Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ ընկերությունները հիմնականում կատարել են արտոնությանը զուգահեռ ստանձնած պարտավորությունները:
Վիլեն Խաչատրյան - Ցանկացած սարքավորում, որը կարող ենք մենք ներմուծել և արդյունաբերական կամ մշակող արդյունաբերության մեջ մտցնել որոշակի տեղաշարժ, պետք է խթանել և դրական համարել, քանի որ սա ծառայությունների ոլորտ չէ, և նյութական արդյունքը ստեղծվում է մեր երկրում, որի ավելացված արժեքի շղթան ավելի երկար է:
2023-ի հունվարին արդեն իսկ Կառավարությունն արտոնություն է տվել 8 ծրագրի, որի շրջանակում պետք է իրականացվի ավելի քան 79 մլրդ դրամի ներդրում, և 200-ից ավելի նոր աշխատատեղ ստեղծվի:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան