ՌԴ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ-օղլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները՝ Ռուսաստան և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում:
Քննարկվել են նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԽՈՒՍԱՓԵԼ ԻՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ
Ադրբեջանի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, իսկ այցելողներին՝ չափազանց զգույշ լինել: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ հյուպատոսական հարցերով Իրանում Ադրբեջանի քաղաքացիները կարող են դիմել Թավրիզում գտնող գլխավոր հյուպատոսություն։
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր կատարվել հունվարի 27-ի առավոտյան։ Միջադեպի հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, երկու մարդ վիրավորվել է: Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը:
ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Հունգարիան աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը՝ Նոբելյան մրցանակի համար առաջադրելու գաղափարին՝ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում միջնորդական դերի համար: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ հակամարտության բանակցային գործընթացքում Թուրքիայի միջնորդական փորձը մինչ օրս միակ հաջողվածն է եղել:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ղեկավարի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել հացահատիկի գործարքը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրելու մասին առաջինը հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփը։
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԱՌԱՆՁԻՆ ԴԻՄՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՑ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը կարող է «լավ աչքով նայել», եթե Հելսինկին առանձին դիմում ներկայացնի՝ առանց Ստոկհոլմի։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է ուղերձ հրապարակել Ֆինլանդիայի վերաբերյալ, որը ցնցելու է Շվեդիային: Նա ակնարկել էր, որ ուղերձը կլինի միայն այն դեպքում, եթե Ֆինլանդիան չանի նույն սխալը, ինչ՝ Շվեդիան: Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը համատեղ է:
Մինչև օրս ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Բրազիլիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային: Համատեղ մամուլի ասուլիսում Բրազիլիայի նախագահը խուսափել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ուղղակի դատապարտումից. նա կարծիք է հայտնել, որ Մոսկվան դասական սխալ է թույլ տվել՝ հարձակվելով մեկ այլ երկրի տարածքի վրա։
Սիլվան միաժամանակ առաջարկել է իր միջնորդությունը ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում:
Նա կարծիք է հայտնել, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նոր ձևաչափ։ Բրազիլիայի նախագահը հավելել է, որ կշարունակի աշխատել այլ երկրների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։