Լաչինի միջանցքի ադրբեջանական ակցիան ինքնաբուխ չէ, փակողները բնապահպաններ չեն. այս մասին դեկտեմբերի 12-ից հետո բարձրաձայնում են նաև միջազգային մամուլը, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ ու պաշտոնյաներ, նաև ադրբեջանցիներ:
Ովքե՞ր են Լաչինի միջանցքը արգելափակած ադրբեջանցիները. «Լուրերն» իրականացրել է ուսումնասիրություն և պարզել՝ Լաչինի միջանցքը փակողները ցուցակով են գալիս-գնում: Իսկ սխեման պարզ է:
Միջանցքի փակման ակցիան համակարգում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալությունը, որի գործունեությունն իր հերթին համակարգում է Ադրբեջանի վերահսկող խորհուրդը: Խորհրդի անդամները 11-ն են, նրանց բոլորին նշանակում է Ադրբեջանի նախագահը:
Հատկանշական է, որ տվյալ գործակալությունը ստեղծվել է 2021-ին՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով, և Ադրբեջանում փաստացի իշխանությունն է ֆինանսավորում ՀԿ-ները։
Ակցիայի լուսաբանման ու տարածման գործընթացը ևս վերևներից է համակարգվում՝ Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալության ու Ադրբեջանի մամուլի խորհրդի կողմից:
Իսկ, օրինակ՝ ալիևյան կլանի շահերը չսպասարկող անկախ լրագրողները, որոնց դեկտեմբերի 14-ին հաջողվել էր հասնել Լաչինի միջանցք, առևանգվել էին դիմակավորված անձանց կողմից:
Ավելի ուշ Ադրբեջանի ոստիկանության մամուլի քարտուղար Էլշադ Հաջիևը ձերբակալված լրագրողներից մեկի՝ Խայալա Աղաևայի ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում գրել էր, որ լրագրողներին հեռացրել են դեպքի վայրից՝ այնտեղ գտնվելու թույլտվություն չունենալու պատճառով։
Բնապահպան տիկին, որը, տարված իր ելույթով, խեղդամահ արեց ձեռքում բռնած աղավնուն. մինչ ադրբեջանական լրատվամիջոցները այդ հատվածը մոնտաժված էին լուսաբանում, համացանցում տարածվում էր ամբողջական տեսանյութը:
Հետո արդեն Ադրբեջանում փնտրելու էին բնապահպանի ձեռքով խեղդված աղավնու տեսանյութը նկարողին ու տարածողին: Այդ մասին սոցիալական հարթակում տեղեկացնում է ադրբեջանցի Ջավիդ Գարանը՝ Ադրբեջանի բացառիկ բնապահպաններից, որը, օրինակ՝ 2021-ի ամռանը Բաքվում բողոքի ակցիա էր իրականացրել ընդդեմ անտառների շարունակական հատումների, և որը ոչ մի օր չի եղել Լաչինի միջանցքում:
Իսկ ովքե՞ր են այնտեղ: Դեկտեմբերի սկզբին արդեն հայտնի դարձած մուշտակով տիկնանց էլ չեք գտնի: Պարզվում է՝ Ադրբեջանում բնապահպանները շատ են ու հաճախ են փոխվում: Իսկ նրանց հերթափոխը համակարգում է Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը:
Ցուցակը պայմանականորեն բաշխված է 6 խմբի, որպես ոչ պետական կազմակերպություններ ներառված են 139 ՀԿ, երիտասարդական 43 նախաձեռնություն, 13 առանձին կամավոր, հանրային խորհրդի 9 կազմակերպություն, 4 կուսակցություն: Հետաքրքրական է, որ այդ 4 կուսակցություններից մեկը իշխող «Նոր Ադրբեջանն» է, իսկ պետական սեկտորից այդ ցուցակում ընդգրկված է կրոնական հաստատությունների հետ աշխատող պետական կոմիտեն:
Ի դեպ, այդ ցուցակներում տեղեկություններ կան 507 այսպես կոչված «ակտիվիստի» մասին՝ անուն, ազգանուններ, պաշտոն, առնչությունը պետական-հասարակական կառույցներին, ինչպես նաև նրանց երկու կամ երեք անձնական լուսանկար: Պարզվում է՝ մեծ մասը ոչ թե բնապահպաններ են, այլ լրագրողներ և հասարակական կազմակերպությունների անդամներ, Բաքվի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:
-
Թողրուլ Մամադլի, Ադրբեջանի նախագահին առընթեր ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության խորհրդի դեպարտամենտի ղեկավար
-
Էլմադդին Մուրադլի, գլխավոր խմբագիր, Avtosfer.az, Ադրբեջանի ՆԳՆ-ին առընթեր հանրային խորհրդի անդամ
-
Թալեհ Շահսուվարլի, AzNews.az-ի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի ՆԳՆ-ին առընթեր հանրային խորհրդի անդամ
-
Խալիդ Քազիմով, լրագրող, Մարդու իրավունքների և լրատվամիջոցների տարածաշրջանային կենտրոնի նախագահ
-
Ռովշան Համիդլի, Հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության ծրագրի ղեկավար: Ադրբեջանի նախագահին առընթեր հասարակական կազմակերպությունների պետական աջակցության խորհրդի առաջատար խորհրդական
-
Կոնուլ Գուլիևա, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների աջակցության պետական գործակալություն, «Հանուն երեխաների ապագայի» հասարակական միավորման նախագահ.
Այսպես` հարյուրներով: Ի դեպ, BBC-ի ադրբեջանական ծառայությունը դեռ դեկտեմբերին պարզել էր, որ ակցիայի մասնակիցների թվում կան նույնիսկ թուրքական ընկերությունների աշխատակիցներ:
Հետաքրքիրն այն է, որ 2020 թ.-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելու համար հատուկ թույլտվություն է պետք, այցելությունն էլ պետության տրամադրած ավտոբուսներով է կազմակերպվում: Ավելին՝ այս 3 տարվա ընթացքում առանց թույլտվության այդ տարածքներ մեկնած քաղաքացիները ձերբակալվել են:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան