Պետքարտուղարության ներկայացուցիչը խոսում է հեռավոր Պակիստան մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտության մասին։ Այն հարցին, թե ինչու Իսլամաբադին օգնելու կողքին Միացյալ Նահանգների զարգացման գործակալության խողովակով օգնություն չի հասցվում ավելի քան մեկուկես ամիս շրջափակված Արցախ, Նեդ Փրայսը պատասխանում է՝ Ադրբեջանին կոչ են անում ապաշրջափակել Արցախը, լուծել հոսանքի և գազի մատակարարման հարցը, բայց դեպի Արցախ ամերիկյան մարդասիրական օժանդակության հարցն առկախվում է։
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Մենք հստակեցրել ենք, որ Լաչինի միջանցքով մասնավոր կամ կոմերցիոն տեղաշարժի շարունակական կասեցումը հանգեցնում է սննդի, վառելիքի և դեղամիջոցների պակասի մեծ թվով բնակիչների համար։ Բնական գազի և այլ կենսական անհրաժեշտությունների շարունակական ընդհատումներն ավելի են վատթարացնում մարդասիրական ահագնացող կացությունը։ Կոչ ենք արել վերականգնել միջանցքով ամբողջական տեղաշարժը, որպեսզի նրանք, ովքեր օգտվում են այս ճանապարհից, ստանան իրենց գոյությունն ապահովելու համար անհրաժեշտ պարագաները։
Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ միջազգային արձագանքը, եթե, ասենք, 120 հազարանոց կամ ավելի փոքր մի քաղաք ինչ-որ տեղ Դոնբասում ձմեռային ամիսներին մի որոշ ժամանակ շրջափակման մեջ լիներ։ Կապիտոլիումի բարձունքին օրենսդիրները, դեսպան Բրաունբեկն ու հանրային ակտիվիստներն այսօր ասուլիսի ժամանակ խոսեցին Արցախին անմիջապես օգնություն հասցնելու անհրաժեշտության մասին։
Բրեդ Շերման (կոնգրեսական, Կալիֆոռնիա) - Ուրախ եմ տեսնել, որ ԱՄՆ նախագահ Բայդենն իր պետքարտուղարի միջոցով, ինչպես նաև Եվրախորհրդարանը դատապարտել են այս շրջափակումը: Բայց քննադատելը բավարար չէ, քանի որ հետևանքներ չեղան։
Կոնգրեսական Շերմանը վերլուծություն ներկայացրեց հատուկ նշանակության ցուցարարներին որպես էկոակտիվիստ ներկայացնելու Ալիևի փորձերի մասին։ Ադրբեջանը, «Ֆրիդըմ հաուսի» բնութագրմամբ, բացարձակ բռնապետություն է։ Այսինքն՝ այս երկրում քաղաքացիական ակտիվություն ուղղակի չկա, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, էթնիկ զտման ծրագիր է, և այսպես կոչված էկոլոգների շրջափակումը դրան հասնելու մարտավարական քայլերից մեկն է։
Անգլիկան եկեղեցու ղեկավարներից Ջասթին Մարֆը հայտարարեց Save Karabakh կամ Արցախի փրկության կոալիցիայի հիմնադրման մասին։ Այն Հայ Դատի գրասենյակից, Ամերիկահայ իրավաբաններից և համայնքային այլ միություններից ու անհատներից բացի ի մի է բերել էթնիկ հունական, քրդական կառույցների, Քրիստոնեական միությունների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին։ Հայերի տառապանքները շատ երկար ժամանակ է՝ բավարար արձագանք չեն գտնում՝ ասաց Մարֆը: Նա համարում է, որ դա մեծ սխալ է եղել, և Անգլիկան եկեղեցու անունից խոստացավ, որ իրենք այդ սխալն այլևս չեն կրկնելու։
Ջասթին Մարֆ (Հյուսիսային Ամերիկայի Անգլիկան եկեղեցու պատասխանատու) - Հայտարարում ենք Ղարաբաղի փրկության պրոակտիվ կոալիցիայի ստեղծման մասին։ Այն ահազանգ է հնչեցնելու և պայքարելու ևս մեկ Հայոց ցեղասպանության կանխարգելման համար, որն այս անգամ կարող է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղում։ Մինչ աշխարհը գերազանցապես լուռ է մնում, ադրբեջանական ուժերը ագրեսիվ ձևով փորձում են պատմական քրիստոնյա համայնքը վտարել իրենց դարավոր հայրենիքից։
Կոնգրեսականներ Ջուդի Չուն և Դևիդ Վալադեոն ժամանակին եղել են Արցախում։ Չուն ասաց, որ անձամբ դիմել է ամերիկյան նախագահին միջամտելու կոչով։ Նյու Յորքից օրենսդիր Նիկոլ Մալիոտակիսը ծագումով հույն է։
Նիկոլ Մալիոտակիս (Կոնգրեսական, Նյու Յորք) - Սնունդ, դեղ, հոսանք. տեսնել, թե ինչպես են այս կենսական նշանակության պարագաները օգտագործվում որպես զենք Արցախի ժողովրդի դեմ՝ ուղղակի սիրտ է մաշում։ Նոր կոալիցիան, որ ստեղծվել է, պիտի ամրապնդվի, մինչև այս հարցին լուծում տրվի։
Տարիներ առաջ Սեմ Բրաունբեկն ինքն էր աշխատել, որ Ադրբեջանին ամերիկյան ուղղակի օգնությունը արգելող 907 դրույթը կասեցվի։ Ասաց՝ հույս ուներ դրանով Վաշինգտոնը հարաբերություններ կզարգացներ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Հիմա այլ կարծիքի է։
Սեմ Բրաունբեկ (նախկին սենատոր, դեսպան) - Հիմա Բայդենի վարչակազմին կոչ եմ անում չկասեցնել 907 բանաձևը, եթե Ադրբեջանն իսկույն չդադարեցնի բլոկադան։ Պատժամիջոցը պետք է վերահաստատել, քանի որ Բաքուն մի օրում կարող է դադարեցնել շրջափակումը, բայց չի անում։
Ռոբերտ Ավետիսյան (ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ) - Արցախում մեզ համար պարզ է, որ Բաքվի ավտոկրատների ծրագրիրն է ցեղասպանությունը։ Նրանք մեզ երկու ընտրություն են թողնում՝ կամ մեր տները թողնել կամ մնալ ու մահանալ ցրտից ու սովից։ Մեր երեխաները չունեն մանկական սնունդ, հիվանդները չունեն դեղեր, բայց Արցախն անկոտրում է։
Միջազգային Քրիստոնեական հոգատարություն կառույցի ղեկավարը զումով զրույցի ժամանակ ասաց, որ իրենք էլ են խոսում ամերիկյան կառավարության հետ ու պահանջում, որ րոպե առաջ ավելի ակտիվ միջամտություն լինի։
Ջեֆ Քինգ (Միջազգային Քրիստոնեական հոգատարություն կառույցի գործադիր տնօրեն) - Մոտիկից հետևում ենք իրավիճակին։ Կարծում եմ ԱՄՆ նախագահը պետք է հանրային ելույթով հանդես կա ստեղծված վիճակի մասին։ Նաև պետք է, որ Միացյալ Նահանգները կամ ՄԱԿ-ը սկսեն օդով առաքումներ կազմակերպել դեպի Արցախ։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ նրանք կհամարձակվեն խոցել ամերիկյան օդանավերը»։
Մինչ ռեպորտաժը պատրաստվում էր, լրագրողական հարցում ուղարկվեց Միացյալ Նահանգների զարգացման գործակալությանը, ճշտելու համար, թե արդյոք ստեղծված իրավիճակում USAID-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Արցախին։ Առայժմ այս հարցին Զարգացման գործակալությունից վերջնական պատասխան չի ստացվել։