ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ՝ ՀՀ-Ն ԿՄԻԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին: Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմների պես ձևավորելու են մեխանիզմներ Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, և Անկարան հույս ունի, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ այդ մեխանիզմներին։
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԵՋ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԵՏ. ՔԱԼԸՆ
Թուրքիան մշտական կապի մեջ է Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հարցով, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը՝ մանրամասնելով, որ իրավիճակն առաջիկա օրերին կարող է ավելի հստակ դառնալ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը կարող է «լավ աչքով նայել», եթե Հելսինկին առանձին դիմում ներկայացնի՝ առանց Ստոկհոլմի։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է ուղերձ հրապարակել Ֆինլանդիայի վերաբերյալ, որը ցնցելու է Շվեդիային: Նա ակնարկել էր, որ ուղերձը կլինի միայն այն դեպքում, եթե Ֆինլանդիան չանի նույն սխալը, ինչ՝ Շվեդիան: Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը համատեղ է:
ԿԻԵՎԸ ԿՍՏԱՆԱ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ 120-140 ՏԱՆԿ. ԿՈՒԼԵԲԱ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ աջակցության առաջին փուլում Կիևը կստանա արևմտյան մոդելների 120-140 տանկ։ Դմիտրո Կուլեբան մանրամասնել է, որ Ուկրաինան կստանա Leopard 2, Challenger, Abrams տանկեր: Նա խուսափել է նշել բոլոր երկրների անունները, որոնք համաձայնել են Կիևին տանկեր փոխանցել, քանի որ որոշները դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արել: Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Կիևը շարունակում է աշխատել տանկային կոալիցիայի կազմի ընդլայնման և տանկերի քանակի ավելացման ուղղությամբ:
ԲԼԻՆՔԵՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՌԴ-ԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի մեջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռուսական հրամանատարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Արևմուտքի ծրագրերն իրականություն չդառնան»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ Եգիպտոսի արտգործնախարարի միջոցով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից «որոշակի ուղերձ» է ստացել Ուկրաինայի վերաբերյալ:
«Հերթական անգամ նախարարի միջոցով ստացանք հաղորդագրություն, որ Ռուսաստանը պետք է կանգ առնի, հեռանա, և այդ ժամանակ միայն ամեն ինչ լավ կլինի»,- մանրամասնել է Լավրովը և շեշտել՝ ռուսական կողմը պատրաստ է լսել ցանկացած լուրջ առաջարկ, որն ուղղված է ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ համապարփակ համատեքստում։
ՌԴ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում: Քննարկվել են նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։