ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ տարիների համակագործակցության համար: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը, որը միտված է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում:
Ընդգծվել է հատկապես 2022-2026 թթ. դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության հարթակների մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության կարևորությունը, ինչպես նաև Երևանում ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկած «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է ԵՄ և առաջավոր այլ երկրների փորձի հիման վրա ձևավորել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի առավել արդյունավետ ինստիտուցիոնալ հիմքեր:
Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև դրական գնահատել հասարակական կազմակերպությունների և նախարարության միջև կառուցողական համագործակցության արդյունքները: