Ավտոպահեստամասերի շուկայի անգարում բռնկված հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել: Պարզվում են բռնկման պատճառները: Պահեստի տնօրենը հրաժարվել է տեսագրվող հարցազրույցից, «Լուրեր»-ի թղթակցի հետ խոսել է առանց տեսախցիկի և ասել, որ տարածքը վարձակալում է այլ ընկերություն, և որ տեղյակ չէ, թե այնտեղ ինչ է պահվել: «Լուրեր»-ի հարցին հստակ չի պատասխանել նաև վարձակալող ընկերության ներկայացուցիչը:
Հունվարի 29-ին՝ ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արցախի պողոտայի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Դա, այսպես կոչված, «Տեցի կռուգի» ավտոպահեստամասերի շուկայի մոտ գտնվող անգարն է:
Թե ինչ պատճառով է կրակն առաջացել՝ դեռևս պարզվում է: Մինչև իրավապահները կպարզեն դեպքի հանգամանքները, «Լուրեր»-ը փորձեց պահեստի տնօրենից հետաքրքրվել՝ ինչը կարող էր հրդեհի պատճառ լինել, վերջինս հրաժարվեց տեսախցիկի առաջ պատասխանել հարցերին, թույլ չտվեց տեղում նկարահանումներ անել՝ ասելով, որ նախ տվյալ անգարը վարձակալությամբ է տրված եղել մեկ այլ ընկերության, և կարծիք հայտնեց, թե դեպքը այդքան հանրայնացնելու անհրաժեշտություն չկա: Տնօրենի խոսքերն են՝ «ինչ է պատահել՝ հրդեհ է, եղել է, եղել է, ամեն բան էլ պատահում է, կարևորը՝ տուժածներ չկան»:
Ի դեպ, հրդեհի ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Տեղում աշխատել է 30-ից ավելի փրկարար ծառայող:
Արթուր Կիրակոսյան (ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության պետ) - Հրդեհը բռնկվել է անգար կոչված պահեստում, որտեղ հիմնականում եղել են շինանյութեր, մոտ 300 ք. մ տարածքում այրվել են պահեստավորված շինանյութերը: Տուժածներ չկան, հիմնականում այրվել է շինանյութը:
Առանց տեսագրման համաձայնության` տնօրենն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է պահվել ներսում, բայց վստահեցրեց, որ ոչ մի պայթուցիկ նյութ չի եղել, որը կարող էր հրդեհի բռնկման պատճառ դառնալ: Չնշեց ընկերության կամ անձի անունը, որն այդ պահեստում ապրանք էր պահում՝ մեկնաբանելով, որ իրենք ասելու ոչինչ չունեն:
«Լուրեր»-ը պարզեց` անգարը, որտեղ հրդեհ էր բռնկվել, վարձակալել էր «Պլանետ նայն» ընկերությունը, կապ հաստատեց պատասխանատուներից մեկի հետ, որը կրկին հրաժարվեց պատասխանել հարցերին:
Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն: