«Ֆեյսբուքը» նախորդ տարի Հայաստանում դարձել է խոշոր հարկ վճարող: 332.3 մլն դրամ ավելացված արժեքի հարկ վճարելուց հետո META PLATFORMS IRELAND LIMITED՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հայտնվել է 1000 խոշոր հարհարկ վճարողների ցանկի 803-րդ հորիզոնականում:
2022-ի հունվարի 1-ից, օրենսդրական փոփոխությունների համաձայն, ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք Հայաստանում էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց, դարձան մեր երկրի հարկատու:
Կարեն Սարգսյան (Տնտեսագետ) - բավական մեծ շրջանառությունը փաստացի մնում էր ստվերում և չէր հարկվում ԱԱՀ-ով, ինչը բազմաթիվ երկրներում վաղուց կիրառվում է և այս փոփոխության անհրաժեշտությունը, թե հարկման արդյունավետության, թե հարկման արդարացիության և նաև ֆիսկալ կարևորության տեսանկյունից արդարացված է ու կարևոր:
Գովազդային աշխարհում «Ֆեյսբուքը» արդեն մի քանի տարի է մրցակցում է հայկական ԶԼՄ-ների հետ, սակայն նրանցից շահեկան դիրքում էր:
Արթուր Պապյան (ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու) - Էդ մադրիկ փաստորեն մուծում էին 20 տոկոս ԱԱՀ իրենց ծառայությունների համար, իսկ «Ֆեյսբուքը» չէր մուծում Հայաստանի տարածքում: ... Սրանով փորձ է արվել հավասարեցնել մրցակցությունը, որ «Ֆեյսբուքը» հավասար պայմաններում հայտնվի գործող տնտեսվարողների հետ:
Այս փոփոխությունը կարող է մոտիվացիոն բնույթ էլ ունենալ՝ կարծում է Արթուր Պապյանը:
Արթուր Պապյան (ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու) - Սա լավ առիթ է, որ ի հայտ գան հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններ, որոնք կկարողանան «Ֆեյսբուքի» մոդելով թիրախավորված գովազդային հարթակ ստեղծել, տրամադրել և էդ գումարը ավելի արդյունավետ կերպով վերաբաժանել Հայաստանում:
Ոչ ռեզիդենտ խոշոր ընկերությունների հետ ՊԵԿ-ը արդեն մի քանի տարի աշխատում է. հավաստիացնում են՝ օրենքը մշակել են այնպես, որ չվնասի ո՛չ Հայաստանի, ոչ էլ օտարերկրյա ընկերությունների շահերը, դա է պատճառը: Շեշտում են՝ ոչ մի ընկերություն չհրաժարվեց հաշվառվել ու դառնալ հարկատու:
Լուսինե Այվազյան (ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ) - Նման կազմակերպություններն ունեն հեղինակության խնդիր, և ոչ մի նմանատիպ կազմակերպություն չի ցանկանա, որ ինչ-որ մի պետություն ներկայացնի, որ դեմել է, և էդ կազմակերպությունը օրենսդրությանը համապատասխան հարկեր չի փոխանցում:
Եվ եթե ֆիզիկական անձը Հայաստանում ԱԱՀ չէր մուծում էլեկտրոնային որևէ ծառայությունից օգտվելիս, դա ամենևին չէր նշանակում, որ նա այդ գումարը չէր վճարում՝ շարունակում է ՊԵԿ աշխատակիցը:
Լուսինե Այվազյան - Մենք նայել ենք, մոնիտորինգ ենք անցկացրել, և շատ կազմակերպություններ մինչ այդ էլ հաշիվ ներկայացնում էին ֆիզիկական անձին՝ ներառելով ԱԱՀ-ն: Ստացվում էր, որ մինչև այդ էլ ֆիզիկական անձինք վճարում էին ԱԱՀ-ն, բայց այդ գումարը չէր փոխանցվում ՀՀ բյուջե: Մեր օրենսդրական փոփոխություններով պետք է վճարվի բյուջե:
«Ֆեյսբուքից» բացի՝ Հայաստանում հարկատու են համարվում նաև Apple-ը, Amazon-ը, Google-ը, Netflix-ը և էլեկտրոնային ծառայություններ մատուցող այլ ընկերություններ: ՊԵԿ վիճակագրության համաձայն՝ 2022 թ. ընթացքում 46 կազմակերպություն է գրանցվել որպես ոչ ռեզիդենտ, և բյուջե է վճարվել ընդհանուր մոտ 1,6 մլրդ դրամ հարկ: