Թուրքիայի խորհրդարանը ներկա պայմաններում չի վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը, դա անհնար է` հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Շվեդիայի արտգործնախարարը մեզ մոտ էր եկել այցով։ Եղել է խորհրդարանում, հանդիպել կուսակցությունների հետ։ Նա լսել է, որ բոլոր կուսակցությունները հավասարապես հայտարարում են, որ առանց մեր առջև ստանձնած պարտավորությունների կատարման՝ արձանագրության վավերացումն անհնար է։ Այդ պատճառով ներկա պայմաններում պետք չէ խոսել այդ փաստաթղթին հավանություն տալու մասին»,- ասել է Չավուշօղլուն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանը:
Ավելի վաղ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը կասեցվել է այնտեղ Ղուրանն այրելու և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող ցույցերին Թուրքիայի արձագանքի պատճառով: