ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մանդատակիրները (անկախ փորձագետներ, հատուկ զեկուցողներ) 2023 թ. հունվարի 27-ին հրապարակել են Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակը, որի պատասխանն այդպես էլ չեն ստացել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը վերաբերում է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց դիերի խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չտրամադրելու հետևանքով հայ զինծառայողների մահվան դեպքերին։
ՄԱԿ մանդատակիրները նշել են, որ կատարվածը կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն, քանի որ արձանագրվել են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ 1949 թ. Ժնևի կոնվենցիաների:
Նրանց կարծիքով՝ Ադրբեջանը խախտել է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմնարար դրույթները:
Այսպիսով, Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները՝ հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները: Ադրբեջանը նաև հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները:
Փաստաթուղթը ստորագրած մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ մանդատակիրները խոր մտահոգություն են հայտնել ներկայացվող դեպքերի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատժի կրումը, որոնք պատասխանատու են այդ հանցագործությունների կատարման համար։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ մանդատակիրները պատասխաններ չեն ստացել 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակելու փաստական և իրավական պատճառների մասին։ Ադրբեջանը նաև չի պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկում, որ բռնի անհետացածների հարազատները տեղեկատվություն ստանան նրանց ճակատագրի մասին։