Հայաստանը Ֆրեյզերի և Գատոյի ինստիտուտների հրապարակած «Մարդկային ազատության ինդեքս» - 2022 զեկույցում 165 երկրների շարքում 26-րդն է՝ 8,14 միավորով։ Մարդկային ազատությունը երկրներում որոշելու համար առանձնացվել է 39 չափանիշ՝ այդ թվում, թե որքանով են մարդիկ ազատ օգտվում խոսքի իրավունքից, կրոնական միավորումներին, ցույցերին և հավաքներին մասնակցելու հնարավորություններից: Այն ներառում է նաև տվյալ երկրում անվտանգության, տեղաշարժվելու և տեղեկատվության ազատության, հանցագործության և բռնության դեպքերի ցուցանիշները: Զեկույցում տեղ են գտել 2020 թվականի տվյալները: Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի՝ 2020-ի համեմատ հիմա Հայաստանում մարդկային ազատությունը որոշակի նվազում է ունեցել: Սակայն նշում է՝ մեր երկրի համար կարևոր է զեկույցում արձանագրած դիրքը:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Երկրի հանդեպ վերաբերմունքը ձևավորվում է հենց այդպիսի զեկույցների հիման վրա: Երկրի իմիջը, նաև երբ որոշումներ են կայացնում երկրի վերաբերյալ, հաշվի է առնում նաև դա:
Հայաստանը տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների շարքում բացարձակ առաջատար է, Վրաստանը 41-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 130, Ադրբեջանը՝ 131, իսկ Իրանը՝ 162։ Մեր երկիրը 2019-ին զբաղեցրել էր 34-րդ հորիզոնականը, սակայն ավելի բարձր՝ 8.32 միավորով։ Ըստ զեկույցում հրապարակված ցուցանիշների՝ 2020-ին գլոբալ ազատության նվազում է դիտվել 148 երկրում. սա վերջին երկու տասնամյակի ամենացածր արդյունքն է: Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանը ժողովրդավարական ուղիով է ընթանում: Նշում է՝ բացերի ուղղությամբ աշխատում են, և երկարաժամկետ կտրվածքով կունենանք էլ ավելի բարձր արդյունք:
Ռուստամ Բաքոյան (ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Ես կարծում եմ, որ սրա հիմքը հենց ժողովրդավարությունն է, և Կառավարությունը փորձում է իր միջամտությամբ, եթե դրա կարիքը կա, միայն ապահովել դրական տենդենց, եթե ոչ, ապա Կառավարությունը չի միջամտում և թույլ է տալիս` այս ոլորտները զարգանան, և այս ոլորտների խնդիրները լուծումներ ստանան:
Ըստ Մարդկային ազատության ինդեքս 2022 զեկույցի՝ լավագույն 5-յակում են Շվեյցարիան, Նոր Զելանդիան, Էստոնիան, Դանիան և Իռլանդիան: Հայաստանը բացի այս ցուցանիշից՝ դիրքը բարելավել էր նաև վերջերս հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում և Freedome House-ի զեկույցում:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան