Հայաստանում 2022 թվականին ավելի շատ ավանդ են ներդրել, քան վարկ վերցրել: Նախորդ տարի տնտեսության վարկավորումն աճել է ավելի քան 15, իսկ ավանդները՝ մոտ 43 տոկոսով: Հատկապես աճել են օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդները՝ ավելի քան 96 տոկոսով, կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ:
Ռեզիդենտների ավանդներն աճել են 29,4 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 370 մլն դրամ: Ռեկորդային է տրանսֆերտների ներհոսքը՝ 2,5 միլիարդ դոլար:
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Առաջին տեղում Ռուսաստանն է՝ մոտ 71 տոկոս, երկրորդը՝ ԱՄՆ-ն է:
2022-ին 12 ամսյա գնաճը շարունակել է նվազել և տարեվերջին հասել է 8,3 տոկոսի: Համաշխարհային շուկայում ևս գնանկում է արձանագրվել: 2022-ին Հայաստանի տնտեսության բարձր ակտիվությունը պահպանվել է, ինչն էլ նպաստել է աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին: Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարակային կոշտ քաղաքականության արդյունքում Հայաստանի գնաճային միջավայրը աստիճանաբար մեղմվում է՝ վստահեցնում է ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյան - Մեր գործողությունները եղել են տրամաբանված, տեղին, որի արդյունքում տարին փակեցինք 8 տոկոս գնաճով, որը մեր թիրախից բարձր է, բայց աշխարհի երկրների համեմատ լավ ցուցանիշ է:
Գլխավոր դրամատունը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,75%: Ըստ ԿԲ կանխատեսման՝ 12-ամսյա գնաճը աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա՝ կազմելով մոտ 4 տոկոս: Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփել է 14,2 տոկոս աճով:
Մարտին Գալստյան - Կանխատեսումների համաձայն՝ շինարարության ոլորտը շարունակելու է որոշակի աճել, արդյունքում ունենալու ենք արդյունաբերության աճ՝ 5,7 տոկոս:
ԿԲ-ն կանխատեսում է, որ այս տարի ընդհանուր առմամբ արձանագրվելու է 4,6 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված նաև ծառայությունների ոլորտի աճով:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան